Մատչելիության հղումներ

Լրագրողները բողոքում են Ազգային ժողովի սահմանափակումներից


Armenia - A parliament session in Yerevan, 21May2014.

Armenia - A parliament session in Yerevan, 21May2014.

Ձայնագրիչն ու տեսագրիչը ձեռքում ունենալը դեռ բավարար չէ, որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողին տարբերեն այս կառույցի մեկ այլ աշխատակցից։ Լրագրողի հավատարմագիրը ի ցույց չդնելու դեպքում ԱԺ հասարակայնության հետ բաժնի պետը սպառնում է լրագրողին զրկել խորհրդարանում աշխատելու իրավունքից:

1in.am լրատվական կայքի խմբագրության ղեկավարը երեկ արդեն այդ մասին նախազգուշացնող նամակ է ստացել, խորհրդարանի հասարակայնության հետ կապեր բաժնի պետ Արսեն Բաբայանը զգուշացրել է` եթե լրագրող Արմինե Ավետյանն ու օպերատոր Հովսեփ Հովսեփյանը շարունակեն խորհրդարանում չկրել համապատասխան վկայականները, վաղաժամ կզրկվեն իրենց հավատարմագրերից: «Ազատության» հետ զրույցում լրագրող Արմինե Ավետյանը հակադարձեց Բաբայանին՝ խորհրդարանում աշխատելու 6 տարիների ընթացքում միշտ կրել ու կրում է իր փաստաթուղթը:

«Երբ Արսեն Բաբայանը նոր էր նշանակվել, մի անգամ մոտեցել ասել է, ես իրեն ասել եմ՝ ես կրում եմ այն իմ գրպանում, իմ բլոկնոտի մեջ, իմ պայուսակի մեջ, դա ինձ հետ է, ես առանց այն կրելու չեմ կարող մտնել ԱԺ շենք։ Իսկ նա ասում է՝ ոչ դա անպայման պետք է վզիցդ կախես։ Ես ասում եմ՝ ցույց տուր, խնդրում եմ այն իրավական ակտը, որի համաձայն ես անպայման պետք է վզիցս կախ գցեմ։ Չկա նման բան։ Կա կարգ, որի համաձայն, ես պետք է ԱԺ տարածքում կրեմ, ինչը ես անում եմ պարտաճանաչորեն»,- ասաց լրագրողը։

ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին որոշման 23-ի գ կետը սահմանում է, որ ԱԺ տարածք մուտք գործելիս լրագրողը պետք է ներկայացնի հավատարմագիրը, կրի այն խորհրդարանի վարչական տարածքում գտնվելու ընթացքում, ինչպես նաև ենթարկվի «ԱԺ վարչական շենքի և տարածքի պահպանության հրահանգի» պահանջներին:

Որոշման մեջ չի հստակեցվում՝ ինչպես պետք է լրագրողը կրի այդ վկայականը, որտեղ պետք է այն փակցված լինի: «Ազատության» հետ զրույցում Արսեն Բաբայանը, սակայն, պնդեց, որ կրելը ենթադրում է տեսանելի վայրում այն փակցնել, հակառակ դեպքում նշված կլիներ՝ պահել իր մոտ: Անգամ հղում արեց բացատրական բառարանին՝ պնդելով, որ կրել նշանակում է հագնել: Մի քանի բացատրական բառարաններ մենք ևս թերթեցինք, կրելն ունի նաև պարունակել, ունենալ իմաստները: Իր հերթին լրագրող Արմինե Ավետյանը ուսումնասիրել է այլ որոշումներ, որտեղ այս պահանջն ավելի հստակ է ձևակերպված:

«Օրինակ, պետական պարգևները կրում են կրծքի աջ կամ ձախ կողմում, բացառությամբ Փառքի շքանշանի։ Փառքի շքանշանը կրում են աջ ուսից դեպի ձախ կոնքը ձգվող ժապավենի վրա։ Կամ ՀՀ տարածքում առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում անվանաքարտը աշխատողը կրում է իր արտահագուստի կամ հագուստի վրա, կամ այն դրվում է արտահագուստի վրա թափանցիկ նյութից կարված գրպանի մեջ։ Այսինքն հստակեցվում է սա։ Միգուցե մի օր Արսեն Բաբայանը որոշի, որ մենք այն ոչ թե վզից ենք կախ տալիս, այլ կրծքի աջ կամ ձախ հատվածում ենք այն կպցնում։ Իրավական ակտում կա անորոշություն, թող հստակեցնեն, մենք հասկանանք՝ վզից կախենք, ճակատին խփենք, գրպանում պահենք»,- ասաց Ավետյանը։

Լրագրողը նկատել է, որ որոշ լրագրողներ այդ վկայականը պայուսակին են փակցնում, ոմանք՝ գոտուն, մի քանի տասնյակ լրագրող էլ առհասարակ տեսանելի վայրում այն չեն պահում: Գործընկերների հետ զրույցից պարզել է, որ չնայած դրան նրանք, նախազգուշացում չեն ստացել:

Արսեն Բաբայանը ասաց, որ նախազգուշացնող նամակ ստացել են կամ դեռևս կստանան բոլոր այն լրագրողները, որոնք խախտել են կարգը: Երբ խնդրեցինք թվարկել մի քանիսին, Բաբայանը հրաժարվեց՝ գործընկերային համերաշխությունից ելնելով: Նա համաձայն չէ տեսակետին, թե այս կերպ խոչընդոտվում է լրագրողի աշխատանքը. կա կարգ, պետք է պահել, պնդում է 1.5 ամիս հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Արսեն Բաբայանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց՝ անհասկանալի է, թե ինչու է նման տեխնիկական հարցը մեծ խնդիր դարձել:

«Եվ լրագրողները պետք է ըմբռնումով մոտենան պահանջին, մյուս կողմից էլ պետական չինովնիկները պետք է տառակերություն չանեն, մանավանդ եթե խոսքը այն լրագրողների մասին է, ովքեր երկար տարիներ ԱԺ-ում աշխատել են»,- ասաց Մելիքյանը։

Այդուհանդերձ, լրագրող Արմինե Ավետյանը չի պատրաստվում առանց իրեն հուզող հարցի պատասխանը ստանալու նահանջել․ մի նամակ էլ նա է պատրաստել Արսեն Բաբայանի համար.- «Ցույց տվեք, խնդրում եմ, այն իրավական ակտը, որի համաձայն ես այն պետք է կախ տամ իմ վզից, թե չէ ես չեմ հրաժարվում կատարել կարգը, կամ չեմ պատրաստվում խախտել որևէ իրավական ակտ»։

XS
SM
MD
LG