Մատչելիության հղումներ

Կառավարությունը նոտարների լիազորությունները հստակեցնող նախագիծ է մշակում


Կառավարությունն այժմ օրենսդրական փոփոխություններ է մշակում՝ նոտարների պատասխանատվությունն ավելացնելու, լիազորությունները հստակեցնելու ուղղությամբ, որպեսզի բացառվեն անշարժ գույքի շուկայում արձանագրվող չարաշահումները, երբ նույն բնակարանն, օրինակ, մի քանի անձի էր վաճառվում։

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, թե այդ բարեփոխումներից հետո իրավիճակը էականորեն կշտկվի։

«Այստեղ շատ սկզբունքային նշանակություն ունի, թե ինչպիսի լիազորություններ ու դերակատարում պիտի ունենա նոտարը։ Այդ հանրային գործառույթն իրականացնելիս նոտարը պետք է այնպիսի պատասխանատվությամբ ու պարտականություններով օժտված լինի, որ հնարավորություն չտա նման գործարքներ կնքելու ու խորհրդատվությամբ մարդկանց ճիշտ ուղին ցույց տա ու այդ ռիսկերը նվազեցնի»,- ասաց նախարարը.- «Մենք այսօր օրենքում ունենք խնդիր, կառավարության գործունեության ծրագրով այսօր ամրագրված է՝ պիտի անցնենք նոտարի լիարժեք գույքային, ֆինանսական պատասխանատվության համակարգին»։

Վերջին տարիներին բազմաթիվ են դեպքերը, երբ ձեռքներին ունենալով նոտարների վավերացրած նախնական պայմանագրերը, մարդիկ, այդուամենայնիվ, չէին կարողանում ապացուցել, որ հազարավոր դոլարներ են վճարել նորակառույց շենքում բնակարաններ գնելու համար։ Խաբվածներից մեկը Սուրեն Աբրահամյանի ընտանիքն է։ Դուստրն ու փեսան տարիներ առաջ 85 հազար դոլար են վճարել կառուցապատողին։ Կնքվել է նախնական պայմանագիր, որը մինչև այսօր ընտանիքին իրավունք չի տալիս մուտք գործել բնակարան։

«Բայց մեր շենքը կառուցված է, մենք մուծումներն ամբողջությամբ արել են, մարդիկ կան՝ 70 տոկոսն են մուծել, շենքի կեսը ապրում են, մեզ ներս չեն թողնում։ Չորս անգամ ինքը ոստիկանություն է կանչել, որ մենք ներս չմտնենք»,- ասաց Աբրահամյանը։

«Պետական կարիքների զոհեր» կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը ևս ուսումնասիրությունների ընթացքում այսօրինակ բազմաթիվ դեպքեր է բացահայտել, վստահ է՝ նոտարները գերազանց չեն աշխատում, բայց նրանք մեծ շղթայի փոքր օղակն է միայն։

«Եթե կառավարությունն է այսպիսի մախինացիաներ անում, բա նոտարը ինչո՞ւ պիտի չանի»,- ասաց Բաղդասարյանը.- «Կաշառքը տալիս են, փաստաթղթերը տալիս են, նոտարն էլ հաստատում է»։

Կառավարությունում այս խնդիրը քննարկում են արդեն մի քանի տարի շարունակ։ Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը դեռ երկու տարի առաջ էր ասել, որ օրենսդրական բարեփոխումներ են մշակում։ Այժմ էլ նախաձեռնությունը շարունակում է ներկայիս նախարար Հովհաննես Մանուկյանը։

Տարիներ առաջ սեփական բնակարանից զրկված և մինչև օրս անօթևան մարդիկ, սակայն, այս խոստումներին այլևս չեն հավատում և սեփական ուժերով են փորձում լուծել խնդիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG