Մատչելիության հղումներ

logo-print

Մինչև այսօր չեն տրամադրվել պետական ծառայողների առողջապահական հավաստագրերը


Խնդիրներն առաջացել են, երբ սոցփաթեթների առողջապահական բաղադրիչը ապահովագրական ընկերություններից փոխանցվել է Առողջապահության նախարարությանը:

Պետական ծառայողների սոցփաթեթների առողջապահական հավաստագրերը, որ շահառուներին պետք է տրամադրվեին դեռևս այս տարվա ապրիլին, մինչև այժմ չեն տրամադրվել:

Հիշեցնենք, որ սոցփաթեթների առողջապահական բաղադրչին առնչվող գործառույթը ապահովագրական ընկերություններից փոխանցվել է Առողջապահության նախարարությանը:

Այդ որոշումից արդեն 7 ամիս է անցել, սակայն շահառու հանդիսացող մոտ 95 հազար բյուջետային աշխատողներ դեռևս չեն ստացել իրենց հավաստագրերն ու ուղեցույցները:

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մանկավարժ Լիլիթ Գասպարյանը «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ այս տարի իր հետ դեռևս պայմանագիր չի կնքվել, հավաստագիր չի տրամադրվել: Այժմ ինքն ու իր գործընկերները գաղափար անգամ չունեն, թե ինչ է ներառում առողջապահական փաթեթը և ինչ պետք է անել այն ձեռք բերելու համար:

«Ես չունեմ հավաստագիր, չկա նշված ոչ մի բան, որ կոնկրետ ինչ հիվանդության դեպքում կհատուցվի, կամ ինչ բուժզննության դեպքում: Այս պահին վստահ չեմ ոչ մի բանում, մի տեղ բացթողում կա էս օղակներում», - նշեց ուսուցչուհին:

Նույն կրթահամալիրի աշխատակից Սյուզի Մարգարյանն ասաց, որ երբ անցյալ տարի ապահովագրական ընկերություններն էին տրամադրում փաթեթը, շատ ավելի հեշտ էր օգտվել դրանից, իրենք ունեին անհրաժեշտ ամբողջ տեղեկատվությունը: Իսկ այս տարի ամեն ինչ անհասկանալի է․ հավաստագիր չունենալու պարագայում պետք է նախ գնան պոլիկլինիկա, հետազոտվեն համապատասխան բժիշկների մոտ, ուղեգիր ստանան, այնուհետև պարզեն հիվանդանոցներում, թե որ ծառայությունն է փոխհատուցվելու:

«Փոփոխություններին ծանոթանում ենք միայն այն ժամանակ, երբ մոտենում ենք բանկին, էնտեղ անակնկալների մի սիրուն փաթեթ է սպասվում, և երկար-բարակ հերթեր են գոյանում, մինչև բացատրում են հատ-հատ բոլոր բաժանորդներին՝ ինչն ինչոց է, ինչ օրենքի փոփոխություն է տեղի ունեցել, ինչ փաստաթղթային քաշքշուկներ են առաջացել․․․», - ասաց Մարգարյանը:

Պետական առողջապահական գործակալությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Կառավարության որոշմամբ՝ ապրիլից այլևս պայմանագրեր չեն կնքվում, պետական ծառայողները՝ այդ թվում մանկավարժները, ինքնաբերաբար դառնում են շահառու:

Դեռ հունիսին մեզ վստահեցրել էին, թե հավաստագրերը պատրաստ կլինեն մեկ ամսվա ընթացքում, սակայն այսօր գործակալությունից փոխանցեցին, որ տպագրման համար մրցույթ է հայտարարված, և երբ որևէ ընկերություն շահի այն, նոր կսկսվի տպագրման գործընթացը:

Մայրաքաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը դեռ հունիսին ուսուցիչների խնդրանքով այս հարցով դիմել էր վարչապետին: Բախշյանին Առողջապահության նախարարությունից ևս խոստացել էին արագ լուծել այս խնդիրը:

Նրա խոսքով՝ այն, որ տարին ավարտվում է, իսկ ուսուցիչները դեռ չունեն հավաստագրեր և չգիտեն, թե ինչ ծառայություններից կարող են օգտվել, խոսում է այն մասին, որ Կառավարությունում հերթական անգամ ինչ-որ բան «տակով են արել»:

«Ամեն վայրկյան դա կարող է իրենց պետք լինի, բժշկի են գնալու, հետևաբար դա պիտի լինի իրենց ձեռքին: Ոնց թե՞, մարդուն, հեռու իրենցից, ինֆարկտ խփի, պիտի ասեն՝ գնա պոլիկլինիկա, այնտեղից վերցրու, արի՞ : Ինչպես միշտ՝ փնթի կառավարում, կառավարման մեջտեղում մարդը չի, այլ իրենց շահերն են», - ընդգծեց Բախշյանը:

Սյուզի Մարգարյանը նշեց, որ, փաստորեն, իր և իր գործընկերների գումարը մնաց պետությանը, քանի որ անտեղյակության, փաստաթղթային քաշքշուկների, կրճատված ծառայությունների պատճառով, այս տարի ոչինչից չկարողացան օգտվել:

XS
SM
MD
LG