Մատչելիության հղումներ

Մարգվելաշվիլին առաջին անգամ օգտվեց վետոյի իրավունքից


Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին առաջին անգամ օգտվեց վետո դնելու իր իրավունքից: Նա մերժեց խորհրդարանի երեկ ընդունած որոշումը, որով առաջարկվում էր մինչև 2015 թվականի գարուն հետաձգել գաղտնալսումներին վերաբերող վիճահարույց օրենքի ընդունումը:

Իր այս քայլով Մարգվելաշվիլին նորից հակադարձեց երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և խորհրդարանում «Վրացական երազանք» դաշինքի մեծամասնությանը:

Վարչապետը կողմ էր, կոչ էր արել, որ օրինագծի ընդունումը հետաձգվի, խորհրդարանը հետաձգմանը կողմ էր քվեարկել: Դա նշանակում էր, որ հատուկ ծառայություններն ու ոստիկանությունը ևս հինգ ամիս կարող են գաղտնալսումներ իրականացնել գործող կանոնակարգով, հնարավոր է՝ այդ իրավունքը պահպանվեր ամբողջ 2015-ի ընթացքում, քանի որ նախնական տարբերակով փոփոխությունները ուժի մեջ են մտնելու 2016-ին:

Բայց նախագահը վետո դրեց՝ խորհրդարանին առաջարկելով հարցը լուծել մեկ ամսվա ընթացքում՝ մինչև դեկտեմբերի 1-ը, ինչպես նաև խելամիտ ժամկետներ սահմանել փոփոխությունների ուժի մեջ մտնելու համար:

Այսօր հեռուստատեսային երկու րոպեանոց ելույթում Մարգվելաշվիլին ներկայացրել է վետո դնելու իր հիմնավորումները:

Առաջին հերթին, նա նշել է, որ հանրության մեջ ամուր կոնսենսուս կա՝ «հատուկ ծառայությունները պետք է անցնեն ժամանակակից, ժողովրդավարական գործելաոճի»:

«Ես ծնվել եմ Խորհրդային Միությունում, որտեղ գիտեի, որ ԿԳԲ-ն մեզ լսում է, մենք մեծացել ենք այդ պայմաններում: Դրանից հետո ես ապրել եմ հետխորհրդային Վրաստանում, որտեղ պետական խորհրդանիշը ուժեղացնելու համար Սաակաշվիլիի ռեժիմը դիմում էր գաղտնալսումների, մենք միասին կայացրել ենք այդ ռեժիմի վճիռը: Սա նշանակում է, որ երկու տարի անց մենք պետք է օրենսդրությունը համապատասխանեցնենք հանրության մեջ ձևավորված համաձայնությանը», - իր ելույթում ընդգծել է Վրաստանի նախագահը:

Մարգվելաշվիլին ողջունել է այս հարցերում ներգրավված հասարակական կազմակերպություններին:

Ոչ կառավարական կազմակերպությունները վաղուց պահանջում էին, որպեսզի ոստիկանությունը իրավունք չունենա մտնելու կոմունիկացիոն օպերատորների սերվերների մեջ, ինչը նրանց հնարավորություն է տալիս անվերահսկելիորեն գաղտնալսումներ իրականացնել: Ոչ կառավարական կազմակերպությունները նախագահին կոչ էին արել վետո դնել խորհրդարանի երեկվա որոշման վրա:

Էլեկտրոնային հաղորդակցությունների մասին օրինագծում փոփոխություններ կատարելու հարցը Վրաստանի խորհրդարանում քննարկվել էր գարնանից, մայիսին օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունվել էր, բայց հիմնական հարցը՝ թե որ մարմինը ինչ պայմաններում իրավունք ունի գաղտնալսումներ կատարել, բաց էր մնացել: Խորհրդարանը այն ժամանակ որոշել էր հարցը լուծել մինչև նոյեմբերի 1-ը, հիմա էլ որոշեցին նորից հետաձգել, բայց Մարգվելաշվիլին, հակառակվելով վարչապետին ու խորհրդարանական մեծամասնությանը, վետո դրեց:

Նախագահին վետոն հաղթահարելու համար նվազագույնը 76 պատգամավորի ձայն է անհրաժեշտ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG