Մատչելիության հղումներ

Ռուսաստանից տրանսֆերտների նվազմանը «պետք էր սպասել»


Ռուսաստան - Մայրաքաղաք Մոսկվայի բանկերից մեկում, արխիվ

Ռուսաստան - Մայրաքաղաք Մոսկվայի բանկերից մեկում, արխիվ

Ըստ տնտեսական մեկնաբանի՝ դա հսկայական ֆինանսական կորուստներ է բերում Հայաստանի տնտեսությանը:

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն` շարունակում են կրճատվել Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները:

Սեպտեմբերին փոխանցվել է 153.3 միլիոն դոլար, ինչը 8.6 տոկոսով քիչ է 2013 թվականի սեպտեմբերին արված փոխանցումներից՝ 167.7 միլիոն դոլար:

Տնտեսագետները Ռուսաստանից եկող տրանսֆերտների կրճատվելը պատճառաբանում են այդ երկրում շարունակվող տնտեսական լճացմամբ: Եթե 2013 թվականի հոկտեմբերին հրապարակված Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսման համաձայն 2014-ին Ռուսաստանի տնտեսությունը գրանցելու էր 3 տոկոս աճ, ապա այս հոկտեմբերի գնահատականով 2014-ի աճը չի գերազանցի 0.2 տոկոսը:

Հաջորդ կարևոր պատճառը ռուսական ռուբլու շարունակվող արժեզրկումն է, ինչի հետևանքով նույն քանակությամբ ռուբլու դիմաց հնարավոր է գնել ավելի քիչ դոլար կամ եվրո: Ըստ Ռուսաստանի Կենտրոնական բանկի, այս տարվա սկզբից դոլարի նկատմամբ ռուսական ռուբլին արժեզրկվել է 28.7 տոկոսով:

Եվրամիությունից հետո Ռուսաստանը Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է, սակայն հայաստանյան տնտեսության համար էական նշանակություն ունեցող տրանսֆերտների մոտ 85 տոկոսը գալիս է հենց Ռուսաստանից:

Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ այս մայիսին նախորդ մայիսի հետ համեմատած քիչ էր փոխանցվել 1.1 տոկոս (2014 թվականի մայիսին ֆիզիկական անձինք Ռուսաստանից փոխանցել էին 126.5 միլիոն դոլար՝ 2013 թվականի մայիսի 128 միլիոնի դիմաց), օգոստոսին նախորդ օգոստոսի համեմատ անկումը ավելի քան 9 տոկոս էր (2014 թվականի օգոստոսին Ռուսաստանից Հայաստան փոխանցվել է 167.7 միլիոն դոլար՝ 2013 թվականի օգոստոսի 184.4 միլիոնի դիմաց):

«Հայկական ժամանակ» պարբերականի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի կարծիքով՝ տրանսֆերտների շարունակվող կրճատումը կարող է հանգեցնել նրան, որ Կառավարությունը պարզապես չի կարողանա գալիք տարի հասնել խոստացած 4.1 տոկոս տնտեսական աճին:

«Տեղի է ունեցել այն, ինչ որ պետք էր սպասել․ Ռուսաստանից եկող մասնավոր տրանսֆերտների ծավալը հունիսից սկսած նվազում է Հայաստանում՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և դա հսկայական ֆինանսական կորուստներ է բերում Հայաստանի տնտեսության համար: Մոտ 400 միլիոնի պակասորդ կարող է ստեղծել տարվա կտրվածքով», - ասաց Գևորգյանը:

Նա ընդգծեց, որ մասնավոր տրանսֆերտները Հայաստանում ձևավորում են գնողունակ պահանջարկ, և դրանց ծավալի նվազումը ուղղակիորեն հանգեցնելու է աղքատության խորացման, գնողունակության նվազման, տնտեսական ցուցանիշների վատթարացման:

«Ես կարծում եմ, որ վերջին ամիսներին Հայաստանում տնտեսական ցուցանիշների համեստանալը կապված է հենց տրանսֆերտների նվազման հետ», - նշեց տնտեսական մեկնաբանը:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG