Մատչելիության հղումներ

Հայաստանն ապագան դիտարկում է «որպես երկխոսություն»


Հայաստանն ապագան դիտարկում է «որպես երկխոսություն»
please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00

Ազգային ժողովում գալիք տարվա բյուջետային քննարկումների ժամանակ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանը դեմ է բաժանարար գծերին՝ լինի դա Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության կամ ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի միջև:

«Մենք դեմ ենք, որ լինի բևեռացում: Իհարկե, մենք գտնվում են շատ բարդ իրավիճակում, երբ որ կան որոշակի բացասական միտումներ այդ առումով, բայց, այնուամենայնիվ, ապագան մենք դիտարկում ենք որպես երկխոսություն»:

Նրա կարծիքով՝ Հայաստանը հնարավորություն ունի կապող օղակ դառնալ ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև․ - «Եվրասիական տարածքում գործող գործարարներին՝ անկախ ազգությունից, հնարավորություն է ընձեռնվում Հայաստանում ստեղծել ձեռնարկություն և իր արտադրանքը այդ արտոնյալ պայմաններով իրացնել եվրոպական շուկաներում: Հակառակն էլ․ եվրոպական երկրները կարող են մեզ մոտ բացել համապատասխան ձեռնարկություններ, արտադրանք ունենալ, որը արդեն, եթե դա պիտակավորվում է որպես Հայաստանում արտադրված, առանց մաքսատուրքերի գնում է ամբողջ շուկան: Իհարկե այդ հնարավորությունն իրենց ունեն ոչ միայն Հայաստանում, այլ ցանկացած [ԵՏՄ] անդամ պետությունում»:

Շավարշ Քոչարյանը հայտարարեց, թե Հայաստանն ու Եվրամիություն նախատեսում են համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրել՝ չճշտելով, սակայն, թե երբ դա տեղի կունենա:

Այս օրերին փաստահավաք առաքելությամբ Երևանում են Եվրամիության խորհրդի աշխատանքային խմբի 36 պաշտոնյաներ, որոնք, այսպես ասած՝ շոշափում են ԵՄ – Հայաստան ապագա փաստաթղթի իրավական հիմքերը: Նրանք արդեն հանդիպումներ են ունեցել արտգործնախարարության և ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի ներկայացուցիչների հետ:

«Հիմիկվա տրամաբանությունը, այնուամենայնիվ, նա է, որ ոչ թե գնալ առանձին ասոցացման համաձայնագիր և խորը համապարփակ առևտրի գոտի․․․ Հիմա արդեն այլ բան է՝ ունենալ ընդհանուր փաստաթուղթ, որը իր մեջ պարունակում է այդ ամեն ինչը», - փոխանցեց փոխարտգործնախարար Քոչարյանը:

ԵՏՄ-ից Հայաստանի շահն այս պահին այն 800 ապրանքներն են, որոնք, մեր իշխանությունների հավաստմամբ՝ պայմանավորվածության համաձայն չեն թանկանա: Մինչդեռ ԵՄ ասոցացման՝ բանակցված, բայց չստորագրված համաձայնագրից Հայաստանը դեռ գումարներ է ստանում: 2015-ին, ըստ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի, Բրյուսելից կստանանք 20 մլն եվրո, ինչն անմիջական աջակցություն կլինի պետական բյուջեին:

Մոտ 15 մլն եվրո Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ջրագծեր կառուցելու, սահմանային անցակետերն արդիականացնելու և այլ ծրագրերի համար: Հաջորդ տարի Եվրամիությանից ստացվող գումարների չափը գրեթե չի տարբերվի այս տարի ստացվածից:

Պավել Սաֆարյանի հավաստմամբ՝ ինչ ծրագրված է եղել, կտրամադրվի:

Խորհրդարանի եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փոխանցեց եվրոպացի պաշտոնյաների մտահոգությունը, թե ուսուցման ծրագրերի համար տրամադրվող գումարները փոշիացվում են:

«Շատ գումարներ շատ զարտուղի ճանապարհներով մեկ էլ հայտնվում են շատ կասկածելի տեղերում: Ես չեմ ցանկանում հիմա դրա անունը գանձագողություն դնել, բայց ամենամեղմ գնահատականներով, այո՝ դա փոշիացում է», - հայտարարեց Զոհրաբյանը:

Պավել Սաֆարյանը խորհուրդ տվեց հարցն ուղղել ստուգիչ մարմիններին․ - «Ասում են՝ տան ցեղաջրի հետ երեխային էլ նետել: Մենք չպետք է շատ ինքնաբավարված լինենք՝ կարծելով, որ մեր ուսուցման մակարդակն այնպիսի է, որ մենք նորարարությունների որևէ կարիք չունենք: Կոնկրետ նույն Եվրամիության հետ կապված այս գումարները վերահսկում ենք Վերահսկիչ պալատի միջոցով, Ֆինանսների նախարարության վերահսկողության ծառայության կողմից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG