Մատչելիության հղումներ

Դմիտրի Կիսելյովն ընդարձակում է իր մեդիակայսրությունը


«Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյով, արխիվ

«Ռոսիա սեգոդնյա» լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյով, արխիվ

«Ռոսիա սեգոդնյա»-ն և Russia Today-ը արտասահմանում պետք է բարձրացնեն Ռուսաստանի վարկը։

«Ռոսիա սեգոդնյա» («Ռուսաստանն այսօր») մեդիահսկան աննախադեպ ընդարձակման նպատակ է հետապնդում։

Ընկերության ղեկավար, Ռուսաստանում հայտնի լրագրող Դմիտրի Կիսելյովը մտադիր է ավելացնել տեղական լեզուներով աշխատող լրատվական կայքերի և ռադիոծրագրերի թիվը։ Ռուսաստանի պետական միջոցներով գործող «Ռոսիա սեգոդնյա»-ն բացելու է կենտրոններ 29 մայրաքաղաքներում։

Ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները չեն էլ թաքցնում, որ Կրեմլն այդ քայլերով փորձում է ընդլայնել իր քարոզչական ներկայությունն աշխարհում և առավելության հասնել Արևմուտքի դեմ մղած տեղեկատվական պատերազմում։

«Ռոսիա սեգոդնյա»-ն հաղորդել է, որ ընդարձակման մանրամասն ծրագիրը կհրապարակի նոյեմբերի ընթացքում։

Ենթադրվում է, որ առաջին երկու ներկայացուցչությունները, կամ, ինչպես մամուլի աշխարհում են ասում` բյուրոները, կբացվեն Տաջիստանի մայրաքաղաք Դուշանբեում և Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։ Տեղական բյուրոներում կաշխատեն 25-30 թղթակիցներ։

«Ռոսիա սեգոդնյա»-ն հիմնադրվել է անցած տարվա դեկտեմբերին` նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով։ Մեդիահոլդինգի մաս են կազմում ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը և «Գոլոս Ռոսիի» («Ռուսաստանի ձայն») ռադիոկայանը։

Այդ կառույցի ղեկավար Դմիտրի Կիսելյովը, ով, ի դեպ, շատ հաճախ է այցելում նաև Հայաստան, համարվում է Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի ցանկացած որոշում և նախաձեռնություն պաշտպանող և Կրեմլին անմնացորդ նվիրված լրագրողներից մեկը։

Իր շաբաթական հեռուստածրագրերում նա ջանք չի խնայում Ուկրաինայի, Արևմուտքի և հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարներին քննադատելու, երբեմն նույնիսկ անձնական վիրավորանքներ հնչեցնելու համար։

Նշենք, որ «Ռոսիա սեգոդնյա»-ն և Russia Today հեռուստակայանը միմյանց հետ վարչական առումով կապ չունեն։ Russia Today-ը անգլերեն, արաբերեն և իսպաներեն ծրագրեր հեռարձակող հեռուստակայան է, որը նույնպես վայելում է պաշտոնական Մոսկվայի հովանավորությունը։

Ռուսաստանի պետական բյուջեից Russia Today-ը 2015 թվականին կստանա 15 միլիարդ 380 միլիոն ռուբլի, ինչը հավասար է 362 միլիոն 200 հազար դոլարի։

Իսկ «Ռոսիա սեգոդնյա»-ն հաջորդ տարի պետությունից կստանա 6 միլիարդ 480 միլիոն ռուբլի:

Վերլուծաբան Անդրեյ Կոլեսնիկովի համոզմամբ՝ «Ռոսիա սեգոդնյա»-ի և Russia Today-ի առջև կդրվի արտասահմանում Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը բարձրացնելու խնդիր։

XS
SM
MD
LG