Մատչելիության հղումներ

Ռիժկով․ «Եթե Ղարաբաղը հայկական կլինի, այն նույնպես կարող է դառնալ ԵՏՄ-ի անդամ»


«Նախևառաջ պետք է հստակեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»,- ասում է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը։

Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն այսօր Երևանում հայտարարեց՝ Ղրիմը հնուց ի վեր բուն ռուսական հող է, մինչդեռ Ղարաբաղի կարգավիճակը դեռ պետք է հստակեցվի, և եթե այն հայկական կլինի, ապա հարց չկա՝ Ղարաբաղը նույնպես կարող է դառնալ Եվրասիական միության անդամ:

Այսօր Ազգային ժողովում հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստն էր, և Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամ Ռիժկովը, ում 2008-ին շնորհվել է Հայաստանի բարձրագույն՝ «Ազգային հերոս» կոչումը, այսպես արձագանքեց «Ազատության» հարցին, թե ինչու՞ Ղրիմը կարող է հայտնվել Եվրասիական միության կազմում, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ ոչ։

«Նախևառաջ պետք է, ինչպես ասում են, հստակեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Եթե այն կլինի հայկական, ոչ թե նահանգ, այլ հայկական տարածք, ապա հարց չկա: Բայց այսօր այդ [հարցը] առկախված է: Օրինակ, նույն այդ Մերձդնեստրը․․․ նրանք չեն կարող դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ, որովհետև դուք գիտեք կարգը՝ եթե լուծված չեն տարածքային ինչ-որ հարցեր կամ սահմանային հարցեր, ապա միությանը չեն անդամակցում: Ուստի, երբ կլուծվի Ղարաբաղի հարցը, մենք հաճույքով [կողմ կլինենք] նրա անդամակցությանը: Իսկ թե ինչպե՞ս կլուծվի՝ կլինի առանձին պետություն, թե Հայաստանի կազմում, կյանքը ցույց կտա»,- ասաց Ռիժկովը։

Ղարաբաղի հարցը, ինչպես հայտնի է, լուրջ խոչընդոտ էր դիտվում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին:

Մայիսի 29-ին Աստանայում՝ ԵՏՄ գագաթնաժողովում, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ընթերցելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, հայտարարեց, թե Հայաստանը կարող է անդամակցել միջազգայնորեն ընդունված սահմաններով: Այնուհետև՝ հոկտեմբերի 10-ին Մինսկում, երբ ստորագրվեց անդամակցության պայմանագիրը, նույն Նազարբաևը հայտարարեց, որ «հաջողվել է փոխզիջման հասնել նրբանկատություն պահանջող հարցում, թե որ սահմաններով է Հայաստանն անդամակցելու»:

Թե ինչ «փոխզիջման» մասին է խոսքը, Հայաստանի իշխանությունները մինչ օրս չեն պարզաբանել:

Հոկտեմբերի 12-ին «Արմենիա TV»-ին տված հարցազրույցում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետի տեղադրման հարցին, հայտարարեց, որ «պայմանագրում դրա մասին որևէ բան չկա» և որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ապրանքաշրջանառությունը «ինչպես եղել է, այդպես էլ կշարունակվի»:

Նիկոլայ Ռիժկովը, ով եղել է ԽՍՀՄ կառավարության ղեկավար, այսօր ուշագրավ ևս մեկ հայտարարություն արեց: Նա ասաց, թե տեղյակ չէ Ռուսաստանից ո՞վ և ի՞նչ սպառազինություն է մատակարարում Ադրբեջանին:

Այդ մատակարարումների վերաբերյալ խնդրեցինք կարծիք հայտնել և նա այսպես արձագանքեց.- «Կպատասխանեմ ձեր հարցին, որ ես չգիտեմ: Այս հարցին պատասխանել եմ հունիսի սկզբին Նիժնի Նովգորոդում: Ի՞նչ սպառազինություն, ո՞վ է մատակարարում և այլն, ինձ համար պարզ չէ: Որպես խորհրդարանի անդամ՝ ես որևէ տեղեկության չեմ տիրապետում և խորհրդարանն էլ որևէ որոշում չի կայացրել՝ սպառազինության մատակարարման վերաբերյալ»:

Ռիժկովը 17 տարի է, ինչ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահն է, և եթե նա տեղյակ չէ նման մատկարարումներից, հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանի դաշնակցի կողմից Ադրբեջանին հարձակողական սպառազինության մեծածավալ վաճառքի հարցը երբևէ բարձրացվե՞լ է հանձնաժողովում։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG