Մատչելիության հղումներ

Կոստանյանը չի համարում, որ Մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումները իրականացված են


ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը այսօր հրավիրած ասուլիում անդրադարձավ նաև Մարտի 1-ի գործին:

Ի տարբերություն քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի, Գևորգ Կոստանյանը չի համարում, որ Մարտի 1-ի գործով բոլոր բացահայտումները իրականացված են:

«Եթե այս երեք սկզբունքների միաժամանակյա առկայությունն ապահովվում է, այսինքն՝ գործի քննությունը լրիվ, օբյեկտիվ և բազմակողմ իրականացվել-վերջացվել է, ապա քրեական վարույթը ենթակա է ավարտման: Մի դեպքում՝ գործը կարճելու, մյուս դեպքում՝ անձանց քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու, մյուս դեպքում՝ երբ որ այդ երեքը արվում է, բայց հնարավոր չի պարզել մեղավոր անձնանց, գործը կասեցվում է: Քանի դեռ այս երեք որոշումներից որևէ մեկը կայացված չէ, հետևաբար գործի լրիվության, բազմակողմանիության և օբյեկտիվության սկզբունքները դեռևս ապահովված չեն», - պարզաբանեց Կոստանյանը:

Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը Մարտի 1-ի գործի վերաբերյալ «Ազատության» հարցին ի պատասխան ասել էր, որ «գործով բացահայտվել են բազում դրվագներ, մի շարք անձինք դատապարտվել են, և նրանցից որևէ մեկի դատավճիռը չի փոփոխվել որևէ դատական ատյանում»։

«Իհարկե, կան առանձին չբացահայտված հանգամանքներ, որոնցում կան լուրջ խոչընդոտներ հենց տուժողների կողմից», - նշել էր Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ դեռևս բացահայտված չեն Մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքները, մեղավորները պատժված չեն։

Ալեք Ենիգոմշանի հետ տեղի ունեցած միջադեպի առիթով գլխավոր դատախազն ասաց, թե ոստիկանությում անցկացված ծառայողական քննությունը բավարար չէ ամբողջացնելու դեպքի իրական հանգամանքները, և դա է պատճառը, որ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:

«Իրականացվում է ծառայողական քննություն, վերցվում են բացատրություններ: Ընդ որում, այս դեպքում որևէ անձ պարտավոր չէ ներկայացնել բացատրություն», - ասաց Կոստանյանը՝ հավելելով․ - «Ծառայողական քննությամբ չի կարող առերևույթ հանցագործության հատկանիշների հերքման կամ հաստատման հետ կապված որևէ ընթացակարգ լինել»:

Հիշեցնենք՝ թեև ոստիկանությունը ծառայողական քննության արդյունքում խախտումներ չէր հայտնաբերել, այդուհանդերձ երեկ ՀՔԾ-ն քրեական գործ հարուցեց ոստիկանների կողմից Ալեք Ենիգոմշյանին փողոցի բանուկ հատվածում թողնելու դեպքի առիթով։

Ի դեպ, ՀՔԾ-ն ավելի վաղ մերժել էր նաև Ա1+ի լրագրողի հետ կապված միջադեպի փաստով քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով, սակայն գլխավոր դատախազի միջամտությամբ այդ որոշումը ևս վերացվեց ու գործ հարուցվեց։

Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի գլխավոր մուտքի դարպասներին փակցված «Բարև Ռոբ» գրությամբ պաստառը պոկելուց հետո խորհրդարանի անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը փորձել էր հրել նկարահանում կատարող «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանին: Լրագրողի ներկայանալուց հետո էլ Հայրապետյանը հարվածել էր նրա ձեռքին և գցել նկարահանող սարքը։

«Այդ որոշումը վերացվեց և ուղարկվեց քննության՝ նկատի ունենալով, որ մենք էլի չենք խոսում հաստատ մեղավորության կամ անմեղության մասին, նկատի ունենալով, որ միայն քրեական գործի շրջանակներում է հնարավոր այս նյութերի պայմաններում որոշել իրականում հանցագործություն տեղ գտել է, թե տեղ չի գտել», - ասաց Կոստանյանը:

Անդրադառնալով Շանթ Հարությունյանի դատավճռին՝ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց, թե դրանում քաղաքական ենթատեքստ չի տեսնում․ - «Քրեական հետապնդման հարուցման և քրեական հետապնդման իրականացման գործընթացում որևէ քաղաքական գործոն կամ որևէ քաղաքական ենթատեքստ չի կարող լինել, որովհետև ամբողջ գործը բավականին հիմնավորված, պատճառաբանված է, և՛ ապացույցներով, և՛ տեսագրություններով հագեցած է»:

Կոստանյանը անմեղության կանխավարկածի խախտում չի համարում այն, որ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև դատավճռի հրապարակումը հայտարարել էր, թե Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել։ Ավելին, ըստ գլխավոր դատախազի, այդ հայտարարությունը չէր կարող ազդել դատավճռի վրա․ - «Սա չի կարող անմեղության կանխավարկածի դաշտում ինքնին դիտվել, որովհետև անմեղության կանխավարկածի խախտումը համարվում է ոչ թե որևէ անձի, կամ քաղաքացու, կամ քաղաքական գործչի կողմից նախնական վերաբերմունքը որևէ հարցի վերաբերյալ, այլ՝ այն պաշտոնատար անձի, որը իր իրավասության սահմաններում իրավասու չէ գնահատական տալ մինչև դատավճիռը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG