Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը աշխատում է իսրայելա-պաղեստինյան բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ


Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերրին հայտարարել է, թե «անաղմուկ» աշխատում է իսրայելա-պաղեստինյան բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ։

«Ամերիկայի Ձայնի» թղթակից Սքոթ Սթըրնի խոսքով՝ Ջոն Քերրին կանգնած է այն նույն մարտահրավերների առջև, որոնք այս տարվա սկզբին հանգեցրին բանակցությունների փլուզմանը։

Այս օրերին, երբ իսրայելա-պաղեստինյան բախումներ են տեղի ունենում իսրայելցի զինվորների կողմից պաղեստինցի-ամերիկացու սպանության և Արևելյան Երուսաղեմում իսրայելական բնակավայրերի շինարարության շարունակման հետևանքով, խաղաղության հեռանկարը տարածաշրջանում այնքան էլ պայծառ չէ։

Արտգործնախարար Ջոն Քերրիի համաձայն, Օբամայի վարչակազմը փորձում է կանխել բանակցային գործընթացի հետագա վատթարացումը։

«Բանակցելու նոր ուղի գտնելը կարևոր է։ Մենք լավագույն արդյունքի կհասնենք, եթե անաղմուկ կերպով աշխատենք այդ ուղղությամբ և այժմ հենց դա ենք անում», ասել է Քերրին։

Վարչապետ Բենյամին Նաթանյահուն հայտարարել է, որ իսրայելական բնակավայրերի շինարարությունը Իսրայելի 50-ամյա գործունեության մաս է կազմում.- «Պաղեստինցիների համար հստակ է, որ քանի դեռ նոր պայմանավորվածություն չկա, այս բնակավայրերը կմնան Իսրայելի վերահսկողության տակ»։

Պաղեստինի վարչապետ Ռամի Համդալահն ասել է, թե իսրայելյան բնակավայրերը անօրինական են և այդ հողերի գրավմանը վերջ կդրվի, իսկ Արևելյան Երուսաղեմը կճանաչվի որպես անկախ պաղեստինյան պետության մայրաքաղաք։

Վաշինգտոնի Ամերիկյան համալսարանից Գայ Զիվի կարծիքով՝ այս վեճը երկու թույլ ղեկավարների միջև է, ովքեր աշխատում են բավարարել իրենց երկրներում կարծր գծի հետևող քաղաքացիների ակնկալիքները։

Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ադամ Էրելիի համաձայն, Իսրայելը ակտիվորեն խափանում է պաղեստինյան իշխանության կապերը «Համաս» խմբավորման հետ։

«Բանակցությունները վերսկսելու արտգործնախարար Քերրիի ցանկությունը չի կարող գերազանցել երկու կողմերի ցանկությանը։ Կարծում եմ, որ հենց դա էր բանակցությունների վերջին փուլի փլուզման պատճառը։ Չեմ կարծում, որ մոտ ապագայում հնարավոր կլինի վերսկսել բանակցությունները»,- ասել է Գայ Զիվը։

Իսկ մինչ այդ, բանակցությունների հեռանկարները գնալով խամրում են, քանի որ Եգիպտոսի անվտանգության 33 պաշտոնյաների սպանության հետևանքով Եգիպտոսը Հյուսիսային Սինայում եռամսյա արտակարգ դրություն է հայտարարել և հետաձգել է բանակցությունները Գազայի գոտու հրադադարի պայմանների շուրջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG