Մատչելիության հղումներ

Իրավապաշտպանները նախկին և ներկա դատախազների միջև մրցակցություն են տեսնում


Արթուր Սաքունցի խոսքով, Գևորգ Կոստանյանը փորձում է իր իշխանությունը բանեցնել քննչական մյուս երկու մարմինների նկատմամբ:

Դատախազության կողմից քրեական գործերի հարուցումը նախ Հայաստանի քննչական կոմիտեի, հետո Հատուկ քննչական ծառայության մի շարք պաշտոնյաների նկատմամբ, իրավապաշտպանների համոզմամբ, վկայում է նախկին ու ներկա գլխավոր դատախազների միջև շարունակվող մրցակցության մասին:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը վստահ է՝ այժմ Գևորգ Կոստանյանը փորձում է իր իշխանությունը բանեցնել քննչական մյուս երկու մարմինների նկատմամբ:

«Բուն պատճառը՝ Դատախազության գերիշխանության ամրագրումն է, հաստատումն է երկու անկախ մարմինների նկատմամբ՝ ենթարկեցնելը։ Մյուսների նկատմամբ չի կարող նման գործելակերպ դրսևորի, որովհետև դրանց ղեկավարները քաղաքական ֆիգուրներ են, և ուրեմն, գործ ունենա՞լ այդ ղեկավարների հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

Ուշագրավ է, որ Դատախազությունը շատ արագ խախտումներ արձանագրեց քննչական մի մարմնում, որը, ըստ էության, նոր է սկսում գործել:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գնահատում է Դատախազության արագ արձագանքը չարաշահումների նկատմամբ, բայց նա ևս խտրական վերաբերմունք է տեսնում։

«Ինձ համար սա ձևական է, որովհետև իրականությունը լրիվ այլ է։ Եվ հիմա այս դեպքերը՝ ընտրովիության սկզբունքով, թե ի՞նչ, ո՞ւմ մեղադրեն, ո՞ւմ չմեղադրեն», - ասաց Ալեքսանյանը։

Նորաստեղծ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի ու դատախազ Գևորգ Կոստանյանի հակամարտությունն, ըստ իրավապաշտպանների, սկսել է դեռ այն ժամանակ, երբ Աղվան Հովսեփյանը դատախազ էր, իսկ Գևորգ Կոստանյանը զինդատախազ: Հիմա դերերն այլ են։

Կոստանյանի գլխավորած կառույցը վերահսկողություն է իրականացնում նաև Դատախազության դուռը համբուրելով հեռացած Աղվան Հովսեփյանի նկատմամբ:

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Ազատության» հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել Դատախազության աշխատանքը, բայց և չխուսափեց ընդգծել, որ Դատախազությունը շտապել է հայտարարել, թե իրենց աշխատակիցները չարաշահումներ են կատարել։

«Նախ էդ չարաշահում որակումը, տվյալ պարագայում ես կօգտագործեի չակերտների մեջ, որովհետև բացառապես դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով կարող է որևէ գործողություն հիմնավորված համարվել, և այդ մասին մենք կարող ենք խոսել միմիայն դատական ակտից հետո», - ասաց Տռուզյանը։

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, մինչդեռ, չի ընդունում համակարգում առաջացած մրցակցության մասին պնդումները, ասում է՝ ինքը ոչ թե իր դերն է ընդգծում, այլ անում է այն, ինչի լիազորություններն ունի օրենքով:

«Անկեղծ ասաց, և՛ անընդունելի է, և՛ զարմանալի, որ յուրաքանչյուր համակարգի կամ պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների իրականացումը անպայմանորեն ներկայացվում է էմոցիոնալ կամ անձնական զեղումներով և դրդումներով», - ասաց Կոստանյանը։

XS
SM
MD
LG