Մատչելիության հղումներ

Նախարարը վստահեցնում է՝ ԵՏՄ-ն չի ազդի կրթության զարգացման ուղղությունների վրա


ԵՏՄ-ին միանալով կվերադառնանք խորհրդային կրթական համակարգին, կարծում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյան

Եվրասիական միությանը միանալը չի ազդի կրթության ոլորտում զարգացման ուղղությունների վրա, քանի որ Հայաստանը ինքն է որոշում ազգային կրթական բովանդակությունը, բացի այդ՝ ԵՏՄ պայմանագիրը չի ենթադրում առանձին կրթական նախագիծ, «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ ԵՏՄ շրջանակներում դրված է բուհերի դիպլոմների փոխճանաչման խնդիրը:

«Այսօրվա դրությամբ ամենամեծ արդիականություն ունեցող հարցը ԵՏՄ տարածքում դա ընդհանուր տնտեսություն, ընդհանուր աշխատաշուկա տրամաբանության մեջ որակավորումների, դիպլոմների կրթության մասին վկայող պետական փաստաթղթերի փոխճանաչման խնդիրն է, որը այսօր արդեն ունի իրավական բազա լուծվելու համար՝ դա ԱՊՀ իրավական բազան է և երկկողմանի պայմանագրերը, և երևի թե ԵՏՄ-ի շրջանակներում այդ փոխճանաչման հարցը կդառնա էլ ավելի դյուրին և էլ ավելի արագացված կերպով», - ասաց Աշոտյանը:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանի կարծիքով, սակայն, չնայած պնդումներին, թե փոփոխություններ չեն լինելու, ինքն այս առումով լուրջ մտավախություն ունի: Բախշյանի դիտարկմամբ՝ անդամակցության արդյունքում ի վերջո նահանջ կկատարվի դեպի խորհրդային կրթական համակարգ, և նման քայլեր արդեն նկատելի են:

«Դա ուղղակի հերթական անգամ մեր ազգային արժանապատվությանը կխփի, և արդեն ես նկատում եմ, մենք մի ծայրահեղությունից կընկնենք մյուս ծայրահեղության մեջ: Ես հիշում եմ խորհրդային ժամանակները՝ ամեն տեղ ռուսերեն էիր լսում՝ դպրոցում, տրանսպորտում, որը շատ ջղայնացնում էր ինձ, այո, լեզու պետք է իմանալ, բայց երբեք ոչ քո ինքնության հաշվին: Ռուսական քաղաքականությանը ծանոթ լինելով՝ ես դրանից վախենում եմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բախշյանը:

Նախարարի խոսքով՝ անկախ հանգամանքից, որ, օրինակ, Ռուսաստանում կրթությունը 11-ամյա է, իսկ Հայաստանում 12-ամյա, դպրոցների դիպլոմները փոխճանաչվում են ԵՏՄ անդամ երկրներում:

Աշոտյանը նաև վստահեցնում է, որ մոտ ապագայում շրջադարձային փոփոխություններ չեն սպասվում:

«Հայոց Ցեղասպանության հաջորդ տարելիցին ընդառաջ մեզ համար կարևորը իրականացնել կրթական ծրագրեր՝ չհետապնդելով քաղաքական նպատակներ: Երկրորդը, մեզ համար կարևոր է շարունակել միջազգայնացումը կրթական համակարգի, և երրորդը՝ պարբերաբար ընդգծել Հայաստանի ուրույն դերը ինչպես եվրոպական կրթական տարածքում, այնպես էլ մեր ԵՏՄ հնարավոր գործընկերների շրջանակներում, որովհետև, գաղտնիք չէ, շատ ու շատ ուղղություններով մենք մեծ առաջընթաց ունենք», - նշեց կրթության և գիտության նախարարը:

Անահիտ Բախշյանը, մինչդեռ, վստահ է, որ առանց նման փոփոխությունների Հայաստանը չի կարող համագործակցել միության մյուս անդամների հետ, քանի որ նշված երկու համակարգերի միջև կան մի շարք տարբերություններ:

«Մեր երեխաները եվրոպական կրթական համակարգին էին ինտեգրվելու: Այս տեսակետից կողմ էի 12-ամյա կրթությանը, իսկ հիմա Եվրոպայից պոկվեցինք, գնացինք մտանք ԵՏՄ: Մաքրվել ենք կարծես էդ ազդեցությունից, պետք չի, որ նորից ընկնենք դրա տակ», - հավելեց Բախշյանը:

«Ազատության» հարցին, թե արդյո՞ք ԵՏՄ անդամ երկրներում նախատեսվում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ դպրոցներում դրա վերաբերյալ դասընթացներ կազմակերպում, Աշոտյանը պատասխանեց․ - «Շատ հասկանալի շարժառիթներով և նպատակներով ես այս պահին չեմ հրապարակի այն երկրների անունները, որոնց հետ մենք աշխատում ենք, որպեսզի զերծ պահեմ մեր գործընկերներին թուրք-ադրբեջանական հնարավոր ճնշումներից»:

Անահիտ Բախշյանը հարցնում է՝ եթե դա իրականություն դառնա, ապա փոխարենը մեր դպրոցականներին ի՞նչ են պարտադրելու ռուսները, կամ ղազախները:

«Հենց էնպես ռուսները կամ ԵՏՄ-ն․․․ Մեր Ցեղասպանության մասին Ղազախստանը իր դասագրքերում պիտի դնի՞ : Ուղղակի բարի ցանկություն է եղել նախարարի կողմից ինձ թվում է», - ընդգծեց Անահիտ Բախշյանը:

XS
SM
MD
LG