Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է՝ կողմ են խաղաղ, անցնցում իշխանափոխության


«Ես հետդարձի ճանապարհ չունեմ, գնալու եմ այնքան, մինչև Հայաստանում իրավիճակը փոխվի», - zham.am կայքին տված հարցազրույցում հայտարարել է Գագիկ Ծառուկյանը՝ վստահեցնելով, որ վաղուց արդեն սպառվել է հեքիաթն այն մասին, թե մինչև ո՞ւր կգնա ինքը:

Եռյակի հանրահավաքում իր ելույթից հետո առաջին մեկնաբանությունում «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը նորից արտաբերել է «իշխանափոխություն» բառը՝ դարձյալ, սակայն, Հանրապետականի առջև չդնելով ոչ հստակ ժամկետներ, ոչ էլ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ։

«Հոկտեմբերի 24-ից հետո մթնոլորտը փոխվել է: Վստահ եմ՝ իշխանությունները տեսան դժգոհության ալիքը և, հուսով եմ, հասկացան, որ հին մեթոդներն ու քայլերն իրենց արագորեն տանելու են փակուղի»,- ասում է Ծառուկյանը՝ համոզմունք հայտնելով, որ մարդիկ ուզում են «նոր քաղաքական դեմքերով և նոր քաղաքական ուժերով իշխանություն», հետևաբար պետք է էլ ավելի մեծացնել համաժողովրդական ճնշումը:

«Զուտ վերարտադրության համար սահմանադրական փոփոխություններ անել, այսինքն՝ նույն դեմքերով ու նույն մեթոդներով ևս 10 տարի կառավարել չի՛ ստացվելու»,- zham.am-ին ասում է «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարը՝ մանրամասնելով.- «Նման տապալումների և հետընթացի պարագայում ամբողջ աշխարհում իշխանությունները փոխվում են, ոչ թե վերարտադրվում: Մենք իրոք կողմ ենք խաղաղ, անցնցում իշխանափոխության»:

Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է՝ սպասելու երկար ժամանակ չկա, ոչ ոք այլևս չի հավատում «դատարկ խոստումներին և հավաստիացումներին», ուստի տեսնելով տասնյակ հազարավոր վճռական մարդկանց՝ իշխանությունները պետք է հետևություններ անեն: Մինչ այդ եռյակը փորձելու է շարժմանը տալ «կառուցվածքային և կազմակերպական լուծումներ»: Խոսքը, մասնավորապես, արդեն հայտարարված շտաբերի ձևավորման մասին է։

«Միայն այդպես է հնարավոր դժգոհությունները վերածել կոնկրետ արմատական փոփոխությունների». - ասում է «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը՝ հստակեցնելով, որ «․․․այդ գրասենյակները թույլ կտան ճիշտ պահին, ճիշտ օրը կազմակերպել միաժամանակյա խոշոր հանրահավաքներ ոչ միայն Երևանի Ազատության հրապարակում, այլև բոլոր մարզկենտրոններում և խոշոր բնակավայրերում»:

Ընդ որում, նախագահական հավակնություններ ունեցող Ծառուկյանը խոստանում է բողոքի կենտրոնները ողջ երկրով մեկ թեժ պահել այնքան, քանի դեռ «ժողովրդի կամքն իրականություն չի դարձել»:

Քաղաքական մենաշնորհից բացի Հայաստանի ամենահարուստ գործարարներից մեկը խիստ քննադատել է իշխանությունների տնտեսական քաղաքականությունը։

«Ոչ ոք այլևս չպե՛տք է կարողանա, օգտագործելով իր դիրքը, բռնի ուժով փայ մտնել այս կամ այն գործարարի բիզնեսում: Մենաշնորհներ չպե՛տք է լինեն», - շեշտում է Ծառուկյանը՝ ընդգծելով, որ եթե նույնիսկ Հայաստանը փոքր երկիր է, միևնույն է, բոլոր ապրաքատեսակները պետք է կարողանան ներկրել թե՛ 10, թե՛ 20 հոգի՝ այնքան, որքան շուկան թույլ կտա:

Այս խոսքերով Ծառուկյանը թերևս հակադարձում է նախագահ Սերժ Սարգսյանին, ով, ըստ մամուլի հրապարակումների՝ Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկի հարցին պատասխանել էր՝ «Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»:

XS
SM
MD
LG