Մատչելիության հղումներ

Ռուսաստանն անհանգստացած է «Իսլամական պետության» խմբավորումների սպառնալիքներից


«Իսլամական պետության» զինյալները Սիրիայում, հոկտեմբեր, 2014թ․
«Իսլամական պետության» զինյալները Սիրիայում, հոկտեմբեր, 2014թ․

Մոսկվայում տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել մեկուսարաններ, այդ թվում՝ վեց ադրբեջանցի:

Վերջին օրերի մի շարք իրադարձություններ վկայում են, որ Ռուսաստանն անհանգստացած ու մտահոգված է «Իսլամական պետության» խմբավորումների սպառնալիքներից։ Երկու օր առաջ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ) մի շարք ձերբակալություններ է կատարել Մոսկվայում։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել մեկուսարաններ, այդ թվում՝ վեց ադրբեջանցի, նրանք կասկածվում են իսլամիստների աջակիցները լինելու մեջ։

Ադրբեջանցիներն աշխատում էին Մոսկվայի կենտրոնում ավտոմեքենաների վերանորոգման արտադրամասում։ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հայտարարությունում նշված է, որ ադրբեջանցիներն իրենց ստացած եկամուտի մի մասը հնարավոր է ուղարկում են Սիրիա՝ օգնելու իսլամիստներին, բացի այդ, կասկածյալները սկսել էին տարածել իրենց գաղափարները՝ ադրբեջանցի միգրանտներին առաջարկելով մեկնել Սիրիա՝ իսլամիստների շարքերում կռվելու համար։

Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Սեմյոն Բաղդասարովը երեկ «Վեստի» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է. - «Այն փաստը, որ Մոսկվայում արդեն ձերբակալվում են ոչ միայն «Իսլամական պետության» խմբավորումների համակիրներ, այլև նրանց ֆինանսապես օգնել ցանկացողներ, Սիրիայում և Իրաքում կռվելու համար մարդկանց հավաքագրողներ, արդեն խոսում է այն մասին, որ մենք վաղուց պետք է քննարկեինք նման զարգացումները կանխելու հարցերը»:

Ռուսաստանի մտահոգությունների ևս մի նշան է համարվում նաև այն փաստը, որ ձերբակալությունների նախորդ օրը Գլխավոր դատախազության որոշմամբ սոցիալական "ВКонтакте" կայքում փակվել են իսլամամետ մի քանի խմբեր։ Արդեն մի շարք հաղորդագրություններ են եղել այն մասին, որ Իրաքում և Սիրիայում իսլամիստների շարքերում կռվում են հետխորհրդային մի քանի երկրների և նաև Ռուսաստանի հյուսիսկովկասյան շրջանների քաղաքացիներ։

Բաղդասարովը հարցազրույցում առաջարկել է վիզային ռեժիմ սահմանել այդ երկրների հետ։ Նա ասել է, որ, առաջին հերթին, Ռուսաստանը պետք է վիզային ռեժիմ սահմանի Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի և Ադրբեջանի հետ։ «Այս չորս երկրների քաղաքացիները կռվում են «Իսլամական պետության» խմբավորումների շարքերում, և շատ իրական է պատկերացնելը, որ կարող է տուն վերադառնան, այնուհետև՝ Ռուսաստան, որտեղ կարող են ներգրավվել նույն գործողությունների մեջ», - ասել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG