Մատչելիության հղումներ

logo-print

Արմեն Գևորգյանը` IDeA հիմնադրամի ղեկավար


Արմեն Գևորգյան, արխիվ

Արմեն Գևորգյան, արխիվ

Արմեն Գևորգյանը, ով երկու շաբաթ առաջ հրաժարական տվեց Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնից, դարձել է բարերար և գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնված IDeA (Initiatives for Development of Armenia - «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») հիմնադրամի նոր ղեկավարը: Այդ մասին ասված է հիմնադրամի հաղորդագրությունում:

«IDeA հիմնադրամն իրականացնում է լայնածավալ բարեգործական նախաձեռնություններ Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի համար, որոնք ուղղված են պայմանների ստեղծմանը հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի ապահովման համար: Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնք գտնվում են իրականացման տարբեր փուլերում, ինչպես նաև նոր գաղափարներ ու նախագծեր: Վստահ եմ, որ Արմեն Գևորգյանն ունի բոլոր անհրաժեշտ որակները մեր ծրագրերը հետևողականորեն կյանքի կոչելու համար», - հաղորդագրության համաձայն՝ ասել է Ռուբեն Վարդանյանը:

«Աշխատելով Հայաստանի կառավարությունում՝ ես համագործակցել եմ Ռուբեն Վարդանյանի և նրա գործընկերների հետ «Տաթևի վերածնունդ» ծրագրի, UWC Dilijan College միջազգային դպրոցի կառուցման և բազմաթիվ այլ բարեգործական նախաձեռնությունների իրականացման շրջանակներում: Այդ ծրագրերը փոխակերպում են Հայաստանը՝ այն դարձնելով առավել հետաքրքիր արտաքին աշխարհի և ավելի հարմարավետ՝ մեր երկրի քաղաքացիների համար: Ես ընդունել եմ IDeA հիմնադրամը ղեկավարելու առաջարկը, քանի որ այն ինձ թույլ կտա լավագույնս կիրառել գիտելիքներս ու փորձը Հայաստանի զարգացման գործում», - ասել է Արմեն Գևորգյանը:

Գևորգյանն աշխատել է Հայաստանի պետական կառավարման համակարգում 1997 թվականից մինչև 2014 թվականը՝ զբաղեցնելով վարչապետի օգնականի, նախագահի օգնականի, նախագահի առաջին օգնականի, նախագահի աշխատակազմի ղեկավարի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, տարածքային կառավարման նախարարի և փոխվարչապետի պաշտոնները:

IDeA-ն բարեգործական հիմնադրամ է՝ ստեղծված երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար, որոնք ազդեցություն կգործեն Հայաստանի ապագայի վրա և կօգնեն նրան գոյատևման մոդելից անցում կատարել դեպի բարգավաճման մոդել, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG