Մատչելիության հղումներ

Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հրավերով նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Հորդանան:

Թագավորի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի և Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցը, փոխանցում է Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորն անկեղծ բարեկամական մթնոլորտում անդրադարձել են երկու երկրների հարաբերությունների զարգացման և փոխշահավետ ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարին:

Նախագահ Սերժ Սարգսյանի և թագավոր Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ մի շարք ոլորտներում հայ-հորդանանյան համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Ի պատիվ պաշտոնական այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի անունից տրվել է աշխատանքային ճաշ:

Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորը մտքեր են փոխանակել նաև միջազգային, մասնավորապես՝ մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջանների զարգացումների շուրջ: Նրանք իրենց մտահոգությունն են արտահայտել ծայրահեղականության և նրա բոլոր դրսևորումների կապակցությամբ, կարևորել այդ մարտահրավերներին դիմակայելու գործում շահագրգիռ բոլոր ուժերի համախմբումը:

Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդիպումներ է ունեցել նաև Հորդանանի վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի, Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG