Մատչելիության հղումներ

ՀԿ-ն ահազանգում է փաթեթավորված սուրճի արտադրության խախտումների մասին


1կգ-ը՝ 2500 դրամ. սա Հայաստանում վաճառվող սուրճի միջին գինն է։ Մինչդեռ աղացած և փաթեթավորված սուրճի 100 գրամը կարելի է գնել 200 դրամով։ Ստացվում է կգ-ը 2000 դրամ։

Ինչո՞ւ է աղացածն ավելի էժան այն դեպքում, երբ տնտեսվարողը վճարում է նաև տուփի և լրացուցիչ աշխատանքների համար։ Հանելուկային հարցի պատասխանն ամենևին էլ սպառողի օգտին չէ, նշում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։

«Օգտագործվում է շաքարային մաս։ Երկրորդ ամենահաճախ հանդիպող խախտումը օսլա պարունակող որևէ հատիկի օգտագործումն է՝ գարի, սիսեռ»,- «Ազատության» հետ զրույցում նշեց Պիպոյանը։

Դատողությունները փորձագիտական եզրակացության վերածելու համար առաջին պատահած խանութից ամենաշատ գնվող 5 արտադրողի տարբեր գների աղացած սուրճ գնեցինք։ Առաջին խախտումն ի հայտ եկավ արդեն վայրկյաններ անց։ Փորձագետ լինել պետք չէր, այն կարող էր նկատել յուրաքանչյուր ուշադիր գնորդ՝ տուփի վրա սխալ մակնշում կար։

«Պահպանման ժամկետը 9 ամիս։ Պիտանի է մինչև 2016 թվականը։ Անգամ եթե սա երեկ է արտադրվել, 2015 թվականի ամռանը սրա պիտանելիության ժամկետը կավարտվի»,- նշեց Պիպոյանը։

Իսկ թե արդյոք փաթեթավորված սուրճի բաղադրությունում օսլա պարունակող հացահատիկային տարրեր կան, ցույց կտա Գյուղատնտեսության նախարարության հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոնի լաբորատոր ուսումնասիրությունը։ Մինչ այդ հստակ է, որ ոլորտը վերահսկող Սննդի անվտանգության պետական ծառայության պահոցում սուրճի ներկրման տվյալներից բացի այլ փաստեր չկան։

Ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանի փոխանցմամբ՝ այս տարի սպառողներից ահազանգ չի ստացվել, վերջին ստուգումները կատարվել են նախորդ տարում։

«Կառավարության որոշման համաձայն՝ սուրճը համարվում է ցածր ռիսկայնություն ունեցող սննդատեսակ։ Սա ենթադրում է, որ այս սննդի արտադրությունում կարող են իրականացվել ստուգումներ հինգ տարին մեկ անգամ»,- փոխանցեց Սուքիասյանը։

Եթե արտադրող ընկերությունում ստուգումներ իրականացնելու համար Սննդի անվտանգության ծառայությանը հարկավոր են հիմքեր, ընդհուպ մինչև վարչապետի ստորագրությունը, ապա ծառայության աշխատակիցների կողմից խանութներում դիտարկումները կարող են լինել ցանկացած պահի։

Սուքիասյանը վստահեցնում է՝ պետական բյուջեից սնվող կառույցում ձեռքերը ծալած չեն նստում.- «Վերջին ստուգումները այս շուկայում ունեցել ենք նախորդ տարի, լաբորատոր փորձաքննության արդյունքները բոլոր ցուցանիշներով մաքուր են եկել, խնդիրներ չեն հայտնաբերվել»։

Մինչ վերահսկողություն իրականացնող հաստատությունը սպասում է ստուգումների հերթական ժամանակացույցին, «Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպությունը հրապարակում է մեր նախաձեռնությամբ կատարված լաբորատոր հետազոտության արդյունքները։

«Երկրորդ նմուշում հայտնաբերվել է օսլա, ինչը, ըստ նորմատիվ փաստաթղթի, չի թույլատրվում, սակայն մեզ մոտ փաստացի հայտնաբերվել է, և հետևաբար այն չի համապատասխանում նորմերին»։

Լինելով Սննդի անվտանգության պետական ծառայության նախկին աշխատակից՝ Բաբկեն Պիպոյանը վստահեցնում է, օրենքը հստակ սահմանում է ծառայության գործառույթները և լիազորությունները, մնում է միայն կամք ցուցաբերել՝ սպառողի առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար։

«Դիտարկումը ժամանակացույց չի պահանջում։ Եթե ցանկություն ունեն ստուգում իրականացնելու, կարող են իրականացնել շաբաթը մեկ անգամ»,- նշեց Պիպոյանը։

Փորձաքննության արդյունքում ի հայտ եկած երկու սուրճերի խախտումներն արդեն ուղարկվել են Սննդի անվտանգության պետական ծառայություն։ Արմինե Սուքիասյանը «Ազատությանը» փոխանցեց՝ եթե իրենք էլ բավարար հիմքեր հայտնաբերեն, ստուգումներ կսկսեն արտադրող ընկերություններում։

Սիսակ Գաբրիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG