Մատչելիության հղումներ

Գիտությունների թեկնածուն պնդում է՝ Սուրիկ Խաչատրյանի որդին է վթար ստեղծել


Գիտությունների թեկնածուն պնդում է՝ Սուրիկ Խաչատրյանի որդին է վթար է ստեղծել
please wait

No media source currently available

0:00 0:03:52 0:00

Գորիսում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, ինչպես նաև որպես մարզպետի օգնական հայտնի Նիկոլայ Աբրահամյանի ու Սյունիքի անտառտնտեսության նախկին պետ Գրիշա Հայրապետյանի որդու անունների հետ կապվող ավտովթարի կապակցությամբ առայժմ նյութեր են նախապատրաստվում: Քննչական գլխավոր վարչության Գորիսի բաժնի պետ Գոռ Մանուչարյանն «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, թե դեռևս քրեական գործ չի հարուցվել:

Գրիշա Հայրապետյանն «Ազատության» հարցերին ի պատասխան ասաց, որ իրենց՝ «Ազգային անվտանգությունից հասած տեղեկություններով»՝ «Նիվա» ավտոմեքենայի ղեկին եղել է Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Ավետիք Բուդաղյանի սպանության մեղադրանքով անցյալ տարի կալանավորված, հետո ազատ արձակված Տիգրան Խաչատրյանը:

Գրիշա Հայրապետյանը պատմեց, թե վթարից հետո ինչով է ուշագրավ եղել ոստիկանների և Սուրիկ Խաչատրյանի շրջապատի վարքագիծը:

«Ասեցի՝ ինչո՞ւ չեք աշխատում, ասում ա՝ սպասում ենք հրահանգի: Եվ ճանապարհային ոստիկանները այդպիսի արտահայտություն արեցին, և ներքին գործերի բաժնի ոստիկանները: էդ մոմենտին եկան նաև Լիսկայի բաջանաղը, Տիգրանի քեռին, թե՝ ոչինչ, ամեն ինչ լավ կլինի, հարցերը կլուծենք», - պատմեց Հայրապետյանը:

Նա վկայեց, որ ոստիկաններին հարցրել է, թե ով է եղել իր որդու ավտոմեքենային հարվածող անձը․ - «Ասում ա՝ քեզ համար ինչ տարբերություն: Պարզվեց, որ իրենք ամեն կերպ ուզում են կոծկել էս դեպքը»:

Անտառտնտեսության նախկին պետը դիմել է Սերժ Սարգսյանին և տեղեկացրել տեղի ունեցածի մասին՝ խնդրելով նախագահի «հանձնարարականը գործի օբյեկտիվ քննության համար»․ - «Սյունիքի մարզպետը եռակի հանցագործ Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրանը՝ «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով սավառնելով հարվածել է մեր ավտոմեքենային, դարձրել է լոմ, այժմ քննչական խումբը նրանց ճնշման ազդեցության տակ ցանկանում է այդ հանցագործությունը բարդել Նիկոլի վրա՝ արանքից դուրս թողնելով Տիգրանին»:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում պատասխանեց որդու վերաբերյալ պնդումներին․ -«Իմ տղան ոչ մի կապ չունի, իմ տղան Գորիսում չի եղել»:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է գիտությունների թեկնածուն պնդում հակառակը, մարզպետն արձագանքեց․ - «Էդ մարդուն Գորիսում, Սյունիքում բոլորը ճանաչում են, դա ուրիշ բան չէր կարա աներ»:

Նիկոլայ Աբրահամյանի մասնակցության վերաբերյալ, ով տեղափոխվել էր հիվանդանոց, Խաչատրյանը հետևյալն ասաց․ - «Նա իմ թիկնապահը չի, նա իմ օգնականն էլ չի․․․ Կապ ունեմ, հեռու բարեկամական կապ ունենք: Չարախոս մարդիկ են էլի, ամեն ինչի համար իմ անունը շեշտվում ա, Պարսկաստանում էլ ա դեպք լինում, իմ անունը կա»:

«Էդ գործով զբաղվող ոստիկաններին, քննիչներին կարո՞ղ եք հավատալ: Ես չեմ զանգել ոստիկաններին, զանգեմ, ի՞նչ ասեմ: Հիմա ինչ, ոստիկանությունն ի՞նչ ա ասում, ասում ա՝ եղե՞լ ա իմ տղան», - հարցրեց մարզպետը:

Քննչական գլխավոր վարչության Գորիսի բաժնի պետ Գոռ Մանուչարյանը՝ արձագանքելով «Ազատության» հարցին, թե այս մի դեպքով է՞լ անպատիժ կմնան Սուրիկ Խաչատրյանի մերձավորները, ասաց․ - «Տուժած մարդը Նիկոլայ Աբրահամյանն է»:

Գրիշա Հայրապետյանը պատրաստվում է դիմել բարձրաստիճան իրավապահներին, նորաստեղծ Քննչական կոմիտեին և տեսնի, թե ի՞նչ կարող է անել, օրինակ, Քննչական կոմիտեն, որի ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորված է «քննչական մարմինների անկախությունն ամրապնդելով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG