Մատչելիության հղումներ

logo-print

Կանայք պահանջում են հետ կանչել մայրության արձակուրդի նպաստը կրճատող օրինագիծը


Նպաստը կրճատելու փոխարեն քաղաքացիները պետությունից պահանջում են չարաշահումների դեմ պայքարելու մեխանիզմներ մշակել:

Մայրության արձակուրդի համար արդար փոխհատուցում պահանջող քաղաքացիական նախաձեռնությունը այսօր նամակ ուղղեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ պահանջելով հետ կանչել Կառավարության հավանությանն արժանացած վիճահարույց փոփոխությունները: Նախաձեռնության անդամ Տաթև Դավթյանն ասում է, որ դրանք հակասում են Հայաստանի օրենքներին և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին:

«Մենք հիմա ստորագրահավաքի փուլում ենք, որով կփաստենք Կառավարությանը, որ բազմաթիվ կանայք և տղամարդիկ կարծում են, որ արդար չէ այս օրենքում առաջադրված լուծումները», - ասաց Դավթյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առաջարկվող փոփոխությունները հիմնավորում է նաև ստվերի դեմ պայքարի անհրաժեշտությամբ: Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանն ասում է, որ միջին աշխատավարձը տարեկան աճում է 5-6 տոկոսով, մինչդեռ նպաստի ուղղությամբ պետության ծախսերը ավելանում են 25-40 տոկոսով, և սա այն դեպքում, որ ծնելիությունը չի ավելանում:

«Կարող եմ ներկայացնել առաջին 8 ամսվա տվյալները՝ շուրջ 8 հազար 5 հարյուր դեպքից շուրջ հազար 5 հարյուրը կամ մոտավորապես 20 տոկոսը, իրանք աշխատանքի են անցել հղիության ծննդաբերության նպաստի իրավունք ձեռք բերելուց 2-3 ամիս առաջ: Հղի կինը ընդունվում է աշխատանքի, երկու-երեք ամիս աշխատում է, կամ չի աշխատում, չգիտենք, այնուհետև ստանում է իր նպաստը: Ունենք ծախս, որի հասցեականությունը խիստ կասկածելի է», - ասաց Սաիյանը:

Քաղաքացիական նախաձեռնության անդամ Տաթև Դավթյանը հակադարձում է, որ անընդունելի է խարդախների ձեռքը բռնելու փոխարենը կրճատել օրինապաշտ և աշխատող մայրերի եկամուտը՝ պահանջելով այնպիսի մեխանիզմ մշակել հնարավոր չարաշահումների և խարդախությունների դեմ պայքարելու, որից ոչ մի բարեխիղճ քաղաքացի Հայաստանի Հանրապետությունում չի տուժի:

Հաշվապահ Շողեր Բաբայանը, մինչդեռ, հաշվարկել է, որ բարձր աշխատավարձ ստացող կանայք, ովքեր անգամ 2-3 ամիս են միայն աշխատում, մոտավորապես մուծում են այնքան հարկ, որքան հետո ստանում են մայրության արձակուրդի ընթացքում:

«Ըստ հաշվարկների երևաց, որ այդ ընթացքում վճարած եկամտային հարկը լրիվ փակում է էդ մայրական նպաստը», - ընդգծեց Բաբայանը:

Քաղաքացիական նախաձեռնության անդամները համոզված են, որ բոլոր մայրերին պոտենցիալ խարդախներ համարելով՝ պետությունը վիրավորում է իր քաղաքացիներին և խարխլում է հավատը իշխանության նկատմամբ:

«Այդ շրջանում, երբ կինը ամենաշատն ունի, երևի թե, օժանդակության և օգնության կարիք, երբ պետությունը փոխանակ չխոչընդոտի կնոջը, երբ իրեն ասում է, որ քո եկամուտի մի մասը պիտի խլեմ քեզնից, որովհետև դու կարող է և պոտենցիալ խարդախ ես, սա շատ բացասական ազդակ է ուղարկվում ցանկացած քաղաքացու՝ ասելով, որ պետությունը երես է թեքում իր քաղաքացուց», - նշեց նախաձեռնության անդամներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG