Մատչելիության հղումներ

Վերաքննիչ բողոք՝ շիկացած երկաթով խոշտանգված ընդդիմադիրի գործով


Ֆելիքս Գևորգյանը քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելիս, արխիվ

Ֆելիքս Գևորգյանը քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվելիս, արխիվ

Մեղադրողը պահանջում է Ֆելիքս Գևորգյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման:

Ոստիկանությունում շիկացած երկաթով խոշտանգված լինելու պնդումներով և ընդդիմադիր հայացքներով հայտնի Ֆելիքս Գևորգյանի արդարացման դատավճիռը Վերաքննիչ դատարանում բողոքարկել է մեղադրող Ալեքսանդր Աղայանը:

Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանն ապացույցների անբավարարության հիմքով սեպտեմբերի 17-ին անմեղ էր ճանաչել Գևորգյանին։

«Տուժողները չեն կարող փաստել»

Աջափնյակի դատարանում գողությունների մեղադրանքի գործով տուժողները բազմիցս են հայտարարել, որ Ֆելիքս Գևորգյանին գողության մեջ մեղադրելու հիմքեր չունեն: Իսկ դատախազ Աղայանը վերաքննիչ բողոքում գրել է․ - «Ճիշտ է՝ տուժողները չեն կարող փաստել, որ Ֆելիքս Գևորգյանն է կատարել նշված գողությունները, սակայն պետք չէ անտեսել այն հանգամանքը, որ տուժողները, հայտնաբերելով գողության փաստերը, իրավապահ մարմիններին չեն դիմել և ոստիկանության աշխատակիցներին հայտնի չեն եղել գողություններ կատարելու հանգամանքները»:

Այս շարադրանքից բացի, մեղադրողի վերաքննիչ բողոքում կա մեկ այլ ուշագրավ ձևակերպում. - «Ֆելիքս Գևորգյանը փորձում է իրեն ներկայացնել որպես քաղբանտարկյալ, ինչ-որ քաղաքական հետապնդումների զոհ, սակայն հետազոտելով ոստիկանությունից ստացած պահանջագիրը՝ ակնհայտ է դառնում նրա հանցավոր անցյալը»:

Անձի հանցավոր անցյալի մասին հիշատակումն ի՞նչ երանգ է հաղորդում մեղադրողի փաստական պնդումներին: Ամեն դեպքում, մեղադրողը հիշատակել է այն հանգամանքը, որ 2009 թվականին Ֆելիքս Գևորգյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման։ 2008 թվականի նախագահի ընտրություններին հաջորդած քաղաքական իրավիճակում ընդդիմադիրներին բանտերից ազատեցին, Ֆելիքս Գևորգյանը նրանցից մեկն էր:

Եվ հիմա, մեղադրող Ալեքսանդր Աղայանն Աջափնյակի դատախազությունից Ավանի դատախազություն տեղափոխվելուց հետո էլ պահանջում է Հայ ազգային կոնգրեսի Աջափնյակի տարածքային կազմակերպության ղեկավար Պետրոս Գևորգյանի որդուն դատապարտել 5 տարի ժամկետով:

Ֆելիքս Գևորգյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ ամեն գնով ուզում են առաջ տանել սարքած գործը. - «2011 թվականի սարքել են իմ գլխին էդ գողությունները, ստիպել են, որ ես վերցնեմ իմ վրա, դրա համար էլ հիմա իրենք ուզում են առաջ տանել իրենց սարքած գործը»։

Ֆելիքս Գևորգյանն ունի 4 անչափահաս երեխա։ Կինը՝ Քրիստինե Ստեփանյանն ասում է՝ տարիներ շարունակ Ֆելիքսի նկատմամբ հետապնդումները դժվար իրավիճակներ են ստեղծում ընտանիքում։

«Սակայն, եթե ես զգայի, որ ինքը անօրեն ինչ-որ մի բան է անում, ես միգուցե հետ պահեի նրան, բայց ինքը, իրա հայրը էդ գործում են, ինքը ոչ մի անօրեն բան չի արել», - ասաց Գևորգյանի կինը։

«Ոստիկանները ինձ թալանել են»

Իսկ Ֆելիքս Գևորգյանի հայրը՝ Պետրոս Գևորգյանը հայտարարեց՝ ժամանակն է պատասխանատվության կանչել Ֆելիքս Գևորգյանին ձերբակալելու ժամանակ իրենց տանից գողություն կատարած ոստիկաններին։

«Ոստիկաններն ինձ թալանել են [Ֆելիքսին ձերբակալելու ժամանակ]. ուղղակի ինձ պատկանող տարածք մտել են ապօրինի, ապօրինի խուզարկություն են կատարել, պահարանից իմ կողմից պահված անձնագիրը և այնտեղ գումար է եղել, չկա՝ անհետացել է, բայց ես դրա մասին միշտ լռել եմ, չեմ խոսել, ես համբերատար սպասում եմ», - ասաց Պետրոս Գևորգյանը։

Վերջինս իր ընտանիքի նկատմամբ հետապնդումների շարունակության հետևանքով մեկ այլ գործընթաց սկսելու մտադրություն հայտնեց։

«Եվ իմ ընտանիքի բարոյահոգեբանական ճնշումների համար, նաև իմ թոռնիկիս, որ չէք պատկերացնում, ֆաշիստական, ստալինյան դարաշրջանում է եղել երեխաների նկատմամբ այդպիսի վարվելակերպ. թոռնիկս 5-րդ դասարան է ՝11 տարեկան, այս տարի պետք է ճամբար գնար՝ դպրոցն էր ներկայացրել, բայց քանի որ թաղապետարանից պարզել էին, որ Ֆելիքս Գևորգյանի աղջիկն է, ցուցակից հանել էին», - ասաց Պետրոս Գևորգյանը։

Ի դեպ, Ֆելիքս Գևորգյանին շիկացած երկաթով խոշտանգելու պնդումներից հետո ոստիկաններին անպատիժ թողնելու որոշումների դեմ բողոք է պատրաստվում՝ Եվրոպական դատարան ներկայացնելու համար:

XS
SM
MD
LG