Մատչելիության հղումներ

Գյումրիում նորածնի վաճառքի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ


Նորածնի ընտանիքը պնդում է, որ երեխայի ոչ թե վաճառել են, այլ նրան հանձնել են 17 տարի երեխա չունեցող ընտանիքի խնամքին:

Գյումրիում նորածնի վաճառքի փաստով հարուցվել է քրեական գործ: Գյումրեցի 24-ամյա Արմենուհի Պետրոսյանը ծննդաբերելուց հետո իր նորածին որդուն հանձնել է Կարապետյանների ընտանիքին, ըստ որոշ տեղեկությունների` հազար դոլարի դիմաց:

Ինքը՝ Պետրոսյանը կտրականապես հրաժարվեց խոսելուց: Փոխարենը նրա մայրը՝ տիկին Լամարան, ցույց տալով, թե սոցիալական ինչ վատ պայմաններում են ապրում, ասաց, թե իրենք երեխային ոչ թե վաճառել են հազար դոլարով, այլ նրան հանձնել են 17 տարի երեխա չունեցող ընտանիքի խնամքին:

«Հարևանը վիճել է երեխիս հետ, տարածել է, թե հազար դոլարով երեխա են ծախել, մենք էլ տեղյակ չենք: Հետո գնացի ոստիկանությունը, միլիցաությունը հայտարարեց, թե հազար դոլարը տարել, չեն տվել, մենք էլ ասեցինք՝ էդպիսի բան չի եղել, ու իրանք շարունակեցին մեզ ստիպել՝ հա գրել տվեցին էդպես, ես էլ չգիտենալով ստորագրեցի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Լամարա Ասլանյանը:

«Ես չեմ նկատել, որ գրել են մեջը հազար դոլար, ասեց՝ ստորագրի տակը, ես էլ ստորագրեցի: Բայց ինձ կանչեցին քննչական բաժին, գնացել եմ, ինչ-որ պետք է, էն էլ խոսացել եմ, որ մենք երեխա չենք ծախել: Անապահով ընտանիք եմ եղել, երեխին տվել եմ, տարել են, հուսալի ձեռքերում պահում են: Պիտի թողնեի մանկատանը կամ հիվանդանոցում, էդ պատճառով ես տարա տվեցի իրանց, իրանք էլ հայրությունը ճանաչել, տարել, պահել են», - ասաց Պետրոսյանի մայրը:

Թեև Լամարա Ասլանյանը հերքում է, որ թոռան վաճառքի մասին ինքն է դիմել ոստիկանություն, Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ասաց, որ հենց վերջինիս տված հաղորդումն է հիմք ընդունվել քրեական գործ հարուցելու համար:

«2014 թվականի հոկտեմբերի 10-ին Լամարա Ասլանյանը ոստիկանության բաժնում հաղորդում է ներկայացրել, որ նախնական պայմանավորվածության համաձայն, Գյումրի քաղաքի բնակիչը գնել է իր աղջկա կողմից ծննդաբերած երեխային նույն թվականի հոկտեմբերի 18-ին», - «Ազատությանը» փոխանցեց մարզի դատախազը:

Նրա խոսքով՝ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, որը նախատեսում է 2-5 տարվա ազատազրկում և պատասխանատվություն է նախատեսում գործարքի երկու կողմերի համար էլ:

Արմենուհի Պետրոսյանը խնամքին ևս մեկ երեխա ունի՝ 3-ամյա դուստր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG