Մատչելիության հղումներ

Մոսկվան կճանաչի Ուկրաինայի անջատականների ընտրությունները


Արևմուտքը շարունակում է դատապարտել Մոսկվայի դիրքորոշումը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ չնայած Կիևի առարկություններին, Մոսկվան մտադիր է ճանաչել Ուկրաինայի արևելյան շրջաններում նոյեմբերի 2-ին անջատականների ծրագրած ընտրությունների արդյունքը։

«Մենք ենթադրում ենք, որ այդ ընտրությունները տեղի կունենան ըստ նախատեսված ծրագրի և, իհարկե, կճանաչենք դրանց արդյունքները»,- «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Դոնեցկի և Լուգանսկի անջատականները հայտնել են, որ ընտրություններ են անցկացնելու իրենց այսպես կոչված «ժողովրդական հանրապետություններում»։ Պաշտոնական Կիևը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և մի շարք այլ պետություններ արդեն հայտարարել են, որ անջատականների ընտրությունները հակասում են օրենքին և չեն ճանաչվի։

Ուկրաինայի արտաքին գործոց նախարարության պաշտոնյա Դմիտրո Կուլեբան ասել է, որ անջատականների հանրաքվեն ճանաչելու Ռուսաստանի պատրաստակամությունը խոչընդոտում է կես տարի տևող հակամարտությունը կարգավորելու ջանքերը։

«Ռուսաստանի մտադրությունն ուղղակի խարխլում է խաղաղության հաստատմանն ու վիճակի կայունացմանն ուղղված Մինսկի համաձայնությունը, նվազեցնում է հավատը Ռուսաստանի նկատմամբ, այդ երկիրը հետզհետե զրկվում է վստահելի միջազգային գործընկերոջ համբավից»,- ասել է Կուլեբան «Ֆրանսպրես»-ին։

Ռուս անջատականների հսկողության տակ գտնվող Ուկրաինայի արևելյան շրջաններում բնակիչները զրկվել են հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։

Կիևը Մոսկվային կոչ էր արել` ճնշում բանեցնել անջատականների վրա և կասեցնել նոյեմբերի 2-ի քվեարկությունը։ Սակայն Սերգեյ Լավրովը ասել է, թե «պետք չէ գերագնահատել Մոսկվայի ազդեցության հնարավորությունները և ակնկալել, որ Ռուսաստանը կարող է ազդել անջատականների տրամադրությունների վրա»։

Կիևը ժամանակին անջատական շրջաններին առաջարկել է երեք տարվա ինքնիշխանության հատուկ ռեժիմ, պայմանով, որ դեկտեմբերի 7-ին այդ տարածքներում անցկացվեն Ուկրաինայի օրենքներին համապատասխանող տեղական ընտրություններ։ Սակայն անջատականները մերժել են առաջարկը։

Հոկտեմբերի 26-ի ընտրություններում տպավորիչ հաղթանակ ձեռք բերած արևմտամետ կուսակցությունները Կիևում շարունակվում են կոալիցիոն կառավարություն կազմելու շուրջ բանակցությունները։ Երեկ նախագահ Պետրո Պորոշենկոն հարցը քննարկել է վարչապետ Արսենի Յացենյուկի և Լվովի քաղաքապետ Անդրիյ Սադովիի հետ։

Այսօրվա դրությամբ հաշվված է կիրակնօրյա ընտրությունների քվեաթերթիկների մոտ 70 տոկոսը։ «Պետրո Պորոշենկոյի դաշինքը» և վարչապետ Արսենի Յացենյուկի ղեկավարած «Ժողճակատը» հավաքել են քվեների 21-ական տոկոսը։ Սադովնիչիի առաջնորդած «Ինքնօգնություն» անվամբ կուսակցությունը քվեների 13 տոկոսն է վաստակել։

Միջազգային դիտորդական կազմակերպությունները Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները համարում են ազատ, արդար, օրինական և մրցակցային։

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Գերագույն ռադայի կիրակնօրյա ընտրություններն անվանել է «ևս մեկ կարևոր քայլ Ուկրաինայի դեմոկրատական զարգացման ճանապարհին»։

«Ակնհայտ է, որ գրավելով Ղրիմը և սատարելով արևելյան տարածքների անջատականներին, Ռուսաստանը Ուկրաինայի մեծ թվով քաղաքացիների զրկել է համապետական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից»,- ասել է Օբաման։

Խոսելով ընտրությունների նախնական արդյունքների մասին, Պետրո Պորոշենկոն մի մեկնաբանություն էլ ռուսերեն է արել։

«Ինձ պետք է խորհրդարանում 300 քվեների մեծամասնություն, դա անհրաժեշտ է սահմանադրական հիմնարար փոփոխություններ ընդունելու, իշխանությունն ապակենտրոնացնելու համար, առանց դրա երկիրը չի գոյատևի»,- ասել է Պորոշենկոն։

Ուկրաինայի ընտրությունների մասին գովեստով է խոսել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգը։

«Ես մեծ ափսոսանք եմ հայտնում այն կապակցությամբ, որ շատ ուկրաինացիներ Ռուսաստանի կողմից ապօրինաբար բռնակցված Ղրիմում և ռուս անջատականների կողմից հսկվող արևելյան շրջաններում չեն կարողացել օգտվել քվեարկելու իրավունքից»,- ասել է Ստոլթենբերգը։

XS
SM
MD
LG