Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանում կբողոքարկվի Շանթ Հարությունյանի և ընկերների դատավճիռը


Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատավճիռը երեկ փոխանցվել է մեղադրյալների պաշտպաններին։

Խորհրդակցական սենյակում մեկուկես ժամ անցկացնելուց հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանի հրապարակած 136 էջանոց վճռում պաշտպանները բազմաթիվ խախտումները են գտել, որոնք թույլ են տալիս եզրակացնել՝ վճիռը ոչ թե դատավորն է կայացրել, այլ «մեկ այլ անձ»։

Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ առաջիկա օրերին դատավճիռը բողոքարկելու են։

«Դատարանը վերջնական մեղադրական դատավճիռ կայացրեց՝ նրանց մեղավոր ճանաչելով խուլիգանություն կատարելու մեջ, բայց այդ անձանցից որևէ մեկը խուլիգանություն չի կատարել, և նրանց չի կարելի որակել որպես խուլիգանություն կատարող անձ, դա նույնիսկ ամոթ է», - ասաց Պետրոսյանը:

Վերաքննիչ դատարանում պաշտպանները պահանջելու են իրենց պաշտպանյալներին անմեղ ճանաչել։

Ինեսա Պետրոսյանը վստահ է, որ Շանթին դատել են քաղաքական հայացքների համար, վճիռն էլ իջեցվել է վերևից: Որպես ապացույց բերում է Կոլումբիայի համալսարանում Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությունը, թե Շանթը հանցագործություն է կատարել։

Գործով մյուս պաշտպանի՝ Արա Զաքարյանի խոսքով՝ ցուցում տվողը Սերժ Սարգսյանն է, և մինչ նա չխոսի, ոչինչ չի փոխվի։

«Ինձ համար ակնհայտ է, որ եթե Հայաստանի Հանրապետության նախագահն այս գործի վերաբերյալ նման դիրքորոշում է հայտնել, ապա դատական համակարգը չի համարձակվի այլ բան կայացնել, քանի դեռ նախագահը կամ հրապարակավ, կամ ներքին օղակներով իր դիրքորոշումը փոփոխելու մասին հստակ կարծիք չհայտնի», - ասաց Զաքարյանը։

Նա մի քանի խախտումներ մատնանշեց․ օրինակ, այն, որ վկա ոստիկանները դատարանում մի բան էին ասել, նախաքննական ցուցմունքում՝ այլ: Դատարանը, սակայն, մեղադրական եզրակացության մեջ ներառել է նախաքննական ցուցմունքները, ինչը, փաստաբանի խոսքով, կոպիտ խախտում է։

«Օրինակ, հենց Տիգրան Պետրոսյանի մասով ոստիկան Արա Մարտիրոսյանը եկավ դատարան, երկու բառ ասեց, ասեց Տիգրան Պետրոսյանը ինձ միայն հրել է: Ոչ քաշքշելու, ոչ հարվածելու, ոչ մյուս պաշտպանյալիս՝ Արմեն Հովհաննիսյանի կողմից իրեն հրելու հանգամանքի մասին դատարանում չի ասել», - նշեց Զաքարյանը:

Առաջիկա մեկ ամսվա ընթացքում պաշտպանները պատրաստվում են դիմել Վերաքննիչ դատարան: Եթե այստեղ էլ իրենց պահանջները չբավարարվեն, կգնան Վճռաբեկ դատարան, հետո էլ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«Այնպես չէ, որ մենք արդարադատություն ենք ակնկալում: Ավելի շատ, եթե ինչ-որ փոփոխություն կլինի, դա կլինի քաղաքական որոշում», - ասաց Ինեսա Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG