Մատչելիության հղումներ

Ենիգոմշյանին առնչվող միջադեպի փաստով ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել


«Նախախորհրդարան»-ի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյան, արխիվ
«Նախախորհրդարան»-ի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյան, արխիվ

Ոստիկանների կողմից Ալեք Ենիգոմշյանին փողոցի բանուկ հատվածում թողնելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ և 309-րդ հոդվածի 1-ին մասերով՝ կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով։

«2014թ. հոկտեմբերի 19-ին հայաստանյան տեղեկատվական կայքերում տարածվել է հրապարակում այն մասին, որ նույն օրը` ժամը 19:45-ի սահմաններում, Երևանի Սայաթ-Նովա փողոցի Ֆրանսիական հրապարակին հարող հատվածում ոստիկանության ծառայողները կանգնեցրել են քաղաքացի Ալեք Ենիգոմշյանի հարևան Վահրամ Գաբրիելյանի վարած ավտոմեքենան և քաշելով մեքենայից դուրս բերել Ալեք Ենիգոմշյանին: Չնայած այն հանգամանքին, որ վերջինս մի քանի անգամ կրկնել է, որ կույր է և չի տեսնում, ոստիկանության ծառայողները նույն ավտոմեքենայով վարորդի հետ մեկնել են` Ալեք Ենիգոմշյանին թողնելով փողոցի բանուկ հատվածում` վտանգի մեջ։ Դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն», - ասված է ծառայության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ ոստիկանապետի հանձնարարականով ծառայողական քննություն էր նշանակվել «Նախախորհրդարան»-ի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Տուժողը, սակայն, հանձնարարականը անհամաչափ էր որակել՝ պնդելով, որ տեղի ունեցածը քրեական հանցագործություն է, իսկ միջադեպն էլ քաղաքական ուղերձ է պարունակում։

Ոստիկանապետի հանձնարարականից օրեր անց ոստիկանությունը տեսանյութով հրապարակեց ծառայողական քննության արդյունքները՝ հերքելով «Նախախորհրդարան»-ի պնդումները: «Նախախորհրդարան»-ը, սակայն, կեղծիք որակեց ոստիկանության տարածած տեսանյութը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG