Մատչելիության հղումներ

Շվեյցարահայ գործարարը հերթական բիզնեսն է սկսում Ղարաբաղում


Շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշն ու Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը Մարտակերտի շրջան այցի ժամանակ, 26-ը հոկտեմբերի, 2014թ.
Շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշն ու Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը Մարտակերտի շրջան այցի ժամանակ, 26-ը հոկտեմբերի, 2014թ.

Վարդան Սերմաքեշի նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղը պատրաստվում է սև խավիարի խոշոր արտահանող դառնալ։

Ջրային պաշարներով աչքի չընկնող Լեռնային Ղարաբաղը պատրաստվում է սև խավիարի խոշոր արտահանող դառնալ, ավելին՝ աշխարհին ճանաչելի դառնալ հենց «սև խավիար» բրենդով։

Շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշն իր հերթական խոշոր բիզնես նախագիծն է սկսել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի սահմանամերձ Մատաղիս գյուղում՝ նրա ֆինանսական ներդրումներով արդեն իսկ մեկնարկել է սև խավիարի արտադրության ենթակառուցվածքների շինարարությունը։ Կառավարության գնահատմամբ՝ այս նախագիծը հավակնում է լինել Ղարաբաղի տնտեսության մեծածավալ նախագծերից մեկը։

Լեռնային Ղարաբաղի լրատվամիջոցներին ձկնաբուծարանի աշխատակիցները պատմել են, որ կառուցվող ձկնաբուծարանի շուրջ 350 ջրավազաններում շուտով կդրվեն առաջին ձկնկիթները։

Ղարաբաղի Հանրային հեռուստաընկերությունը փոխանցում է, որ կառուցվող ձկնաբուծարանն ընդգրկելու է մեկ հեկտարից ավելի տարածք։

Մինչև եկող տարվա մարտ ամիսը նախատեսվում է սկսել սննդամթերքի արտադրությունը։ Ըստ նախագծի՝ մոտ չորս տարի հետո Լեռնային Ղարաբաղից առաջին խմբաքանակն է արտահանվելու, իսկ յոթ տարի հետո ձեռնարկությունն արտադրելու է տարեկան մոտ 30 տոննա սև խավիար։

«Ֆրանկ Մյուլեր» ժամացույցի ճանաչված բրենդի սեփականատեր Սերմաքեշը հայտնի է Լեռնային Ղարաբաղում իր խոշոր ներդրումներով. շվեյցարաբնակ գործարարն «Արցախ» բանկի հիմնադիրն է, մեծածավալ ներդրումներ է արել նաև Ղարաբաղի հիդրոէներգետիկայի, հանքարդյունաբերության ոլորտներում։ Կառավարության գնահատմամբ՝ Ղարաբաղում նրա ներդրումների ծավալն արդեն անցնում է մի քանի տասնյակ միլիարդ դրամի սահմանը։

Հարցին, թե ինչո՞ւ սև խավիար, գործարարը պատասխանում է՝ որովհետև այն աշխարհում բավական պահանջված սննդամթերք է։

«Ես ապրում եմ Շվեյցարիայում: Այնտեղ, որտեղ ջուր կա, այնտեղ, որտեղ տարածքներ կան, խավիարի գործն ավելի հեշտ է անելը, և այդ գործով սկսել ենք արդեն զբաղվել և առաջ պիտի տանենք։ Շվեյցարիայում այսպիսի ՀԷԿ-երի մոտ շոկոլադի ֆաբրիկաներ կան, և այդ ուղղությամբ էլ կարելի է և աշխատանքներ պիտի տանենք, բայց հիմա առաջինը խավիարով պիտի առաջանանք: Կարծում եմ՝ սա շատ լավ հորիզոն է արցախյան ժողովրդի համար», - ասաց գործարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG