Մատչելիության հղումներ

Հայ ծանրորդները լուրջ ակնկալիքներ ունեն աշխարհի առաջնությունից


Ծանրորդների խոսքով՝ կարևորը Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն է:

Ալմաթիում նոյեմբերի 4-16-ը անցկացվելիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար Ղազախստան մեկնած Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզիկները լուրջ ակնկալիքներ ունեն:

Ալմաթիում հայ 14 ծանրորդները պայքարելու են նաև 2016-ի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի վարկանիշների համար:

56 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սմբատ Մարգարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Մրցահարթակում իմ առաջին մրցակիցը ես եմ: Պետք է հաղթահարեմ ինքս ինձ: Ես և մարզիչներս աշխատում ենք բարելավել իմ արդյունքը, քանի որ լավագույն բարձրացրածս կիլոգրամը մինչ այս պոկում վարժությունում եղել 109, իսկ հրումում՝ 147 կիլոգրամը: Ձգտելու եմ ևս մեկ կիլոգրամով ավելացնել արդյունքս, որպեսզի գոհացնեմ մարզիչներիս»:

Մարգարյանը եղել է 2010-ի Սինգապուրի պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ապա՝ Մինսկում Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր:

21-ամյա ծանրորդի համար մեծահասակների պայքարում սա երկրորդ մրցաշարն է․ այս տարի Թել Ավիվի Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ: Վերջին խոշոր մրցաշարում Սմբատը երկամարտում բարձրացրել է 256 կիլոգրամ:

Վանիկ Ավետիսյանը 69 կիոլգրամ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Թել Ավիվում կայացած առաջնությունում՝ երկամարտի 315 կիլոգրամ արդյունքով (140+175): Ալմաթիում նրա առջև լուրջ խնդիր է դրված՝ վաստակել օլիմպիական ուղեգիր:

Ավետիսյանը գոհ է Ղազախստանում ուսումնամարզական հավաքի պայմաններից:

«Չեմ կարող նշել, թե քանի կիլոգրամանոց ծանրաձող կփորձեմ բարձրացնել, սակայն նախորդ տարիների համեմատ պարապում ենք ավելին բարձրացնելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց ծանրորդը:

105+ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ալեքսանյանը եղել է 2009-ին Լեհաստանում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր, 2010-ին երկրորդ տեղն է գրավելԲելառուսում անցկացված Եվրոպայի առաջնությունում, այս տարի Թել Ավիվում Եվրոպայի մեծահասակների առաջնության արծաթե մեդալակիրն է՝ 436 կիլոգրամ (190+246) արդյունքով:

Աշխարհի այս առաջնությունը Ալեքսանյանի համար առանձնակի կարևոր է: Պատճառներից գլխավորն օլիմպիական վարկանիշի խաղարկությունն է:

«Բոլորիս գերնպատակն է այս առաջնությունում օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը, քանի որ հավաքականում ոչ ոք դեռևս օլիմպիական վարկանիշ չունի: Իսկ թե ինչ խնդիրներ կան այսօր, մրցահարթակը ցույց կտա: Կարծում եմ, ցանկացած ծանրորդի համար առաջին մրցակիցը պետք է լինի ծանրաձողը», - ասաց ծանրորդը:

Հայաստանի տղամարդկանց ընտրանին մրցահարթակ դուրս կգա նոյեմբերի 8-ից՝ հետևյալ քաշային կարգերում․ Սմբատ Մարգարյան (56 կգ), Վանիկ Ավետիսյան (69 կգ), Հակոբ Մկրտչյան և Արա Խաչատրյան (77 կգ), Աղասի Աղասյան (85 կգ), Սիմոն Մարտիրոսյան (105 կգ), Հայկ Հակոբյան և Ռուբեն Ալեքսանյան (105+ կգ):

Այս տարի աշխարհի առաջնությունում կպայքարեն 683 մարզիկներ 75 երկրներից:

Անի Մեջլումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG