Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ բանակը պետք է պատրաստվի «հիբրիդային պատերազմների»


ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը ելույթ է ունենում Պենտագոնում, արխիվ

ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը ելույթ է ունենում Պենտագոնում, արխիվ

«Արդիական զենքեր և տեխնոլոգիաներ օգտագործող ոչ պետական ուժերի դեմ հեշտ չէ պայքարել», - ընդգծում է ԱՄՆ զինված ուժերի հատուկ գործողությունների հրամանատարությունը:

Ամերիկացի զինծառայողները պետք է պատրաստ լինեն գաղտնի, չհայտարարված պատերազմների, որոնց ընթացքում հակառակորդը կփորձի այս կամ այն պետության դեմ օգտագործել անջատականներին և ապստամբներին։ Ըստ ռազմական խնդիրներ վերլուծող Defense News պարբերականի, այդպիսի եզրակացության է հանգել Միացյալ Նահանգների զինված ուժերի հատուկ գործողությունների հրամանատարությունը (USASOC)։

Ամերիկացի բարձրաստիճան զինծառայողների կարծիքով` նման գաղտնի պատերազմներ վարելու հմտություն են ցուցաբերում, մասնավորապես, Ռուսաստանը և Իրանը։ Ամերիկացիներն այդ կարգի գործողություններն անվանում են նաև «հիբրիդային պատերազմ»։

Այդ մեթոդով պայքարող կողմը կիրառում է «միջգերատեսչական, միջկառավարական, միջազգային համապարփակ ռազմավարություն, որի նպատակն է հակառակորդի վրա քաղաքական, տնտեսական, ռազմական և հոգեբանական ճնշում գործադրել»։

Վերլուծությունում նշվում է, որ հենց Միացյալ Նահանգները ժամանակին նման կարգի գործողություններ է վարել՝ Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ ճապոնացիների դեմ, իսկ 2007-ին` Իրաքում։

Այսօր Ռուսաստանը մշակել է «հիբրիդային պատերազմի» նոր տարբերակ՝ Ուկրաինայում գործող ռուս անջատականներին օգնության ուղարկելով ռուսաստանցի զինծառայողներին և խորհրդականներին։

Իսկ Իրանը նման օգնություն է ցույց տալիս «Հըզբոլա»-ի զինյալներին՝ Լիբանանում, «Համաս»-ի զինյալներին՝ Գազայի գոտում, Աֆղանստանի, Եմենի, Իրաքի և Կովկասի տարբեր խմբերին։

«Արդիական զենքեր և տեխնոլոգիաներ օգտագործող ոչ պետական ուժերի դեմ հեշտ չէ պայքարել։ Անհրաժեշտ է ժամանակին բացահայտել և չեզոքացնել «հիբրիդային պատերազմների» վտանգները, որոնք կարող են սպառնալ Միացյալ Նահանգներին և մեր դաշնակիցներին։ Դա պահանջում է հետախուզական աշխատանք, նորարարություններ, համակարգված հակադարձություն», - ասվում է Միացյալ Նահանգների զինված ուժերի հատուկ գործողությունների հրամանատարության կազմած փաստաթղթում։

Defense News պարբերականը նշում է, որ ամերիկացի բարձրաստիճան զինվորականներին մտահոգում է ռազմական բյուջեի հնարավոր կրճատումը, ինչը չափազանց կբարդացնի «հիբրիդային պատերազմների» մարտահրավերներին դիմագրավելու առաքելությունը։

Դեռ սեպտեմբերին պաշտպանության նախարար Չաք Հեյգելը Ամերիկյան հետևակի ընկերակցության տարեկան ժողովում արտասանած ելույթում ասել է, որ զինված ուժերի առջև դրվելու են հետզհետե ավելի բարդ և բազմազան խնդիրներ։

«Ահաբեկիչների, ապստամբների վտանգը դեռ երկար ժամանակ կլինի հրատապ, բայց մենք պարտավոր ենք հաշվի առնել նաև արդիական և մարտունակ բանակ ունեցող ռևիզիոնիստական Ռուսաստանի գործոնը», - ասել է Հեյգելը և դժգոհություն հայտնել այն կապակցությամբ, որ պետական շրջանակներում արծարծվում է ֆինանսական հաջորդ տարում Պենտագոնի բյուջեն կրճատելու հնարավորությունը։

XS
SM
MD
LG