Մատչելիության հղումներ

Իվան Վոլինկին. Ընդդիմադիրներից գրեթե ոչ ոք դեմ չէ Եվրասիական տնտեսական միությանը


Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկին, արխիվ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկին, արխիվ

Ռուսաստանի դեսպանի համոզմամբ՝ Հայաստանի համար փակ չեն նաև այլ երկների հետ համագործակցելու հնարավորությունները։

Հայաստանի ներքին քաղաքական զարգացումները, ամենայն հավանականությամբ, չեն կարող էական ազդեցություն ունենալ երկրի արտաքին քաղաքականության ուղղվածության վրա: Այսօր «Ազատության» հետ զրույցում նման հայտարարություն արեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը՝ ընդգծելով, որ, ըստ երեկ հանրահավաքում հնչած ընդդիմադիրների ելույթների, գործնականում ոչ ոք դեմ չէ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցությանը, բացառությամբ մեկ ուժի։

Հիշեցնենք՝ ոչ իշխանական եռյակի երեկվա հանրահավաքում չշրջանցվեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության թեման: Միայն «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ արտահայտվեց Հայաստանի անդամակցությանն այս կառույցին։

«Սերժ Սարգսյանը, որպես ոչ լեգիտիմ պաշտոնյա, իր առոչինչ ստորագրությամբ, Հայաստանը տանում է սխալ ուղղությամբ», - հայտարարեց «Ժառանգության» նախագահը։

Մինչդեռ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում շեշտեց, որ անդամակցությունն արդեն կայացած իրողություն է։

«Ինչ է թե Հայաստանը սարգսյանական վարչախմբի ձախորդ քաղաքականության և անխուսափելի զարգացումների հետևանքով հայտնվել է Եվրասիական միությունում, դրա համար, ի՞նչ է, ազգովի սուգ հայտարարե՞նք, ողբա՞նք, լաց լինե՞նք, անդադար նվնվոցներով թևաթափ անե՞նք և վերջնականապես վհատեցնե՞նք մեր ժողովրդին, թե՝ հակառակը՝ թևներս քշտենք և, օգտվելով այդ միության ընձեռած հնարավորություններից, իսկ չկա մի համակարգ, որ հնարավորություններ չպարունակի, և փորձենք շենացնել, բարեկարգել մեր երկիրը», - երեկվա հանրահավաքում հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը։

Իվան Վոլինկինի ուշադրությունից չի վրիպել այն փաստը, որ առաջին նախագահն իր ելույթի զգալի մասը կառուցել էր Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու փաստի վրա։ Այդուհանդերձ, Ռուսաստանի դեսպանը զերծ մնաց գնահատականներ հնչեցնելուց:

«Նյու Յորք Թայմզ» օրաթերթին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշել էր, որ Հայաստանը ԵՏՄ-ին միացել է՝ հաշվի առնելով իր ազգային շահը, տնտեսական և աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, և տնտեսական այս կառույցին անդամակցելու որոշումը չի ընդունվել Արևմուտքի հետ հարաբերությունների հաշվին:

Վերջին օրերին Հայաստան ժամանող եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները ևս իրենց ելույթներում հնարավոր են համարում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացումը, Արևելյան գործընկերության շրջանակում բոլոր այն ուղղություններով հարաբերությունների ամրապնդումը, որոնք, իհարկե, համատեղելի են Հայաստանի քաղաքական վերջին ընտրության հետ:

«Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը պատկերացնում Հայաստան-Եվրամիություն հետագա հարաբերությունները, Վոլինկինն ասաց, որ Հայաստանը ԵՏՄ-ին միանալով ճիշտ ռազմավարական որոշում է կայացրել.- «Ռուսաստանն իր հարաբերություններն ունի ԵՄ-ի հետ, և լիովին նորմալ է, երբ պետությունները փորձում են բազմակողմանի հարաբերություններ զարգացնել: Կարևորն այն է, որ դրանք չլինեն ի վնաս Եվրասիական տնտեսական միությանը։ Բայց, ես կարծում են, որ Հայաստանը ԵՏՄ-ին միանալով ճիշտ ռազմավարական որոշում է կայացրել, սակայն դա դեռ չի նշանակում, որ Հայաստանի համար փակ են այլ երկրների հետ համագործակցելու հնարավորությունները»։

XS
SM
MD
LG