Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգներում Ադրբեջանի վարկանիշը վերականգնելու նպատակով երկրի իշխանությունները կրկին դիմում են լոբբիստական ընկերությունների ծառայություններին:

Հերթական պայմանագիրը Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը կնքել է Լիզ Մեյրի հետ, ով Ամերիկայի Հանրապետական կուսակցության նախկին խորհրդականն է և քաղաքական ռազմավարության մասնագետ։

Ըստ պայմանագրի՝ Մեյերին պատկանող «Մեյր Ստթրաթեջիս» ընկերությունը պարտավոր է լուսաբանել Ադրբեջանի զարգացումները՝ փորձելով ազդել տարբեր պետական պաշտոնյաների և հասարակական կարծիքի վրա։ Այս ծառայության համար Ադրբեջանը վեց ամիս շարունակ Մեյրին կվճարի ամսական 15 հազար դոլար։

Երկրի և իշխանությունների վարկանիշը վերականգնելուն ուղղված այս գործարքն Ադրբեջանը կնքում է վերջին շրջանում սուր քննադատությունների ալիքի ֆոնին, որոնք հնչեցվում են արևմտյան պաշտոնյաների, վերլուծաբանների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից՝ այդ երկրում մարդու իրավունքների ոլորտում տխուր իրավիճակի պատճառով։

Եվրոպական կայունության նախաձեռնության համաձայն, Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելուց ի վեր կտրուկ ուժեղացրեց բռնաճնշումները քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի իշխանությունները ջանքեր չեն խնայում երկիրը ներկայացնելու որպես Միացյալ Նահանգների և Եվրոպայի արժեքավոր դաշնակից, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ապահովման կարևոր խաղացող։

Մինչդեռ Ադրբեջանի քննադատները նշում են՝ Ալիևի վարչակարգը օգտվելով առիթից, որ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած է ուկրաինական ճգնաժամի վրա, երկրում բռնաճնշումներ կազմակերպեց լրագրողների, իրավաբանների և առհասարակ իր ընդդիմախոսների դեմ։

New York Times-ի՝ Ադրբեջանի վերաբերյալ հոդվածներից մեկում հեղինակը թվարկում էր արևմտյան այն լոբբիստական կազմակերպությունները, որոնց Ադրբեջանը վարձել էր հեղինակությունը բարձրացնելու նպատակով։ Թերթը նշում էր Atlantic Council-ի կազմակերպած միջոցառումը, որի ընթացքում կարևորվել են «Ադրբեջանի համաձայնեցված ջանքերը՝ որպես ՆԱՏՕ-ի գործընկեր իր նշանակությունը ցույց տալու նպատակով»:

Հեղինակը պատմում է, որ միջոցառման մասնակիցները, այդ թվում՝ Պետքարտուղարության ներկայացուցիչը, բազմիցս գովաբանել են Ադրբեջանին՝ որպես ԱՄՆ-ի համար անվտանգության հարցերով կարևոր դաշնակից:

Foreign Policy հեղինակավոր պարբերականը նույնպես սեփական հետաքննությունն է անցկացրել` բացահայտելով այն կազմակերպությունների և ընկերությունների անունները, որոնք շռայլ վարձատրության դիմաց հանձն եմ առել են Բաքվի շահերի պաշտպանությունը ամերիկյան և եվրոպական իշխանական կուլիսներում:

Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը ամեն ամիս 50 հազար դոլար է մուծում հանրային կապերով և լոբբինգով զբաղվով Podesta ընկերությանը` «Ադրբեջանի և ԱՄՆ-ի պետական կառույցների միջև կապերի սերտացման վերաբերյալ ռազմավարական խորհրդատվություն տրամադրելու դիմաց», նշում էր թերթը։

Արևմտյան լրատվամիջոցները մի քանի տասնյակ PR-ով զբաղվող ընկերություններ են նշում, որոնք զբաղվում են Ադրբեջանի վարկանիշ բարելավելով՝ Atlantic Council, Fabiani & Company, Livingston Group , DCI group և այլն։

Sunlight ընկերության վերջին ուսումնասիրությունները փաստել են, որ 2013 թվականին Ադրբեջանը Միացյալ Նահանգներում իր շահերն առաջ մղող օտարերկրյա կառավարությունների շարքում տասերորդ տեղում էր գտնվում՝ դրա վրա ծախսելով գրեթե 2.3 միլիոն դոլար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG