Մատչելիության հղումներ

Վարչապետը կարևորում է ձկնարտադրության զարգացումը


Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Ձկնարտադրության բնագավառում վերջին տարիներին պարբերաբար արձանագրվում է շուրջ 30 տոկոսի աճ, ինչը նպաստում է նաև արտահանման ծավալների ընդլայնմանը, հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այսօր վարչապետի մոտ ձկնաբուծության զարգացմանը նվիրված խորհրդակցության ժամանակ։

Գյուղնախարարը հավելել է, որ մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին 9 ամիսների ընթացքում արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30 տոկոսով:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում ձկնարտադրությունը զարգացնելու համար առկա է մեծ ներուժ, և առաջիկայում ՄԱԿ-ի Արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպության օժանդակությամբ իրականացվելու է պիլոտային նոր ծրագիր՝ ոլորտում նոր համակարգ ներդնելու նպատակով:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է ձկնարտադրության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, քանի որ այս ճյուղը, նրա դիտարկմամբ, ունի արտահանման մեծ հնարավորություններ:

Խորհրդակցության ընթացքում ձկնարտադրողները վարչապետին են ներկայացրել իրենց առաջիկա ծրագրերն ու առկա խնդիրները, որոնք վերաբերում են ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրմանը, արտահանման ուղղությամբ պետական աջակցությանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը, ինչն էլ հնարավորություն կտա նվազեցնել ջրի կորուստը:

Աբրահամյանը ողջունել է նոր ներդրումների իրականացման հարցում ընկերությունների պատրաստակամությունը և հայտնել կառավարության աջակցությունը առկա խնդիրների լուծման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG