Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը վստահեցնում է՝ եռյակի հանրահավաքը հիասթափություն չի առաջացնի


Այսօրվա հանրահավաքի գլխավոր ինտրիգը Գագիկ Ծառուկյանի ելույթի բովանդակությունն է։

Հայ ազգային կոնգրեսը վստահեցնում է` այսօր եռյակի հանրահավաքը հիասթափություն չի առաջացնի: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը թեև տեղյակ չէ, թե ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» լիդերները ինչպիսի բովանդակությամբ ելույթներ կունենան, սակայն վստահ է՝ դրանք կբավարարեն հանրահավաքին մասնակցող ժողովրդի ակնկալիքները:

«Ժողովրդի պահանջը ավելին է, քան մենք մտածում ենք՝ որ դանդաղ, հանգիստ կարելի է էս պրոցեսը իրականացնել։ Իսկապես ժողովուրդը արդեն ոչ թե խոսքի, այլ գործի կարիք ունի, անհրաժեշտություն ունի իշխանափոխության և իր վիճակը կարգավորելու։ Մենք այսօր էդ խնդիրն ենք լուծելու։ Չմտածեք, թե գիտեմ՝ ինչպես է լինելու ֆինալը, կամ ֆինալի հայտարարությունը՝ Տեր-Պետրոսյանի կամ Ծառուկյանի ելույթը, չգիտեմ, բնականաբար։ Պայմանավորվածություն ունենք՝ լիդերները վերջում տեսնելով քանակը, էներգիան, ինֆորմացիան, ամբողջ իրավիճակը, խորհրդակցելով իրենք կհրապարակեն քայլերը, ծրագիրը, անելիքը։ Ներդաշնակ կլինի լիդերների ծրագիրը և ժողովրդի ցանկությունը»,– ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Արամ Մանուկյան ասում է, որ իրենք, բնականաբար, հասկանում են՝ եթե իշխանափոխությանն ուղղված գործընթացները ձգձգվեն, ապա դա կարող է հիասթափություն առաջ բերել մարդկանց մոտ, ժողովուրդը իսկապես կարող է հոգնել և թողնել հրապարակը, բայց միևնույն ժամանակ իրենք զգում են այն պատասխանատվությունը, որը կրում են հրապարակում հավաքված ժողովրդի անվտանգության համար.- «Մարտի 1-ի այդ ծանր բեռը բոլորիս վրա մնացել է, պետք է խուսափենք, պետք է աշխատենք էդպիսի բան չլինի»։

Մինչ ՀԱԿ-ը վստահեցնում է, որ այսօրվա հանրահավաքը հիասթափություն առաջ չի բերելու, եռյակի մյուս առանցքային անդամը՝ «Բարգավաճ Հայաստանը» այսօր անակնկալ ձևով ընդհանրապես չմասնակցեց խորհրդարանական ճեպազրույցներին: Արդյունքում հանրահավաքի վերաբերյալ որևէ կարծիք ԲՀԿ-ական պատգամավորներից չհաջողվեց ստանալ:

Այսօրվա հանրահավաքի գլխավոր ինտրիգն այն է, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանն իր ելույթում իշխանափոխության պահանջ կդնի և թե արդյո՞ք կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը: Առայժմ հայտնի չէ նաև, թե արդյո՞ք եռյակը հանրահավաքում հանդես կգա իշխանափոխության հասնելու միասնական ճանապարհային քարտեզով։

Ինչպես ճեպազրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, դեռևս չհամաձայնեցված հարցեր կան.- «Միասնական օրակարգի ընդհանուր ձևակերպումն է՝ «այս քաղաքական ուժերը միասին գնում են իշխանափոխության»։ Ինչ վերաբերում է այդ ճանապարհային քարտեզի դետալներին, կան, իհարկե, որոշ չհամաձայնեցված հարցեր, որոնք կարծում եմ՝ գոնե միտինգի պահին կամ մինչև միտինգը կունենան իրենց միասնական լուծումները»։

Նախկին ոչ իշխանական քառյակի անդամ Դաշնակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չցանկացավ եռյակի հանրահավաքի վերաբերյալ որևէ կանխատեսում անել, նաև՝ անդրադառնալ այն հարցին, թե ի վերջո ԲՀԿ-ի ղեկավարը հանդես կգա՞ իշխանափոխության կոչերով։ Ամեն դեպքում Ռուստամյանն ընդգծեց, թե չէին ցանկանա, որ ոչ իշխանական ուժերը երկու հարցում ձախողում արձանագրեին։

«Առաջինը, որ արյունահեղության չհանգի որևէ գործողություն, որովհետև միշտ դրա մեղավորները լինելու են բոլոր կողմերում, այդ թվում նաև նրանք, ովքեր չեն մասնակցել հանրահավաքին։ Ուրեմն պետք է ամեն ինչ անենք, որ անցյալի սխալները չկրկնենք, առավել ևս արյուն այս գործընթացի մեջ չլինի։ Երկրորդ՝ հիասթափություն չլինի, որպեսզի ժողովուրդը չկորցնի հավատը իր ուժերի նկատմամբ, չկորցնի հեռանկար տեսնելու հնարավորությունը։ Չէի ուզենա, որ իրենք այս իմ ասածների հետ կապված որևէ ձախողում արձանագրեին»,- ասաց Ռուստամյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG