Մատչելիության հղումներ

Նախախորհրդարանը կեղծիք է որակում ոստիկանության տեսանյութը


Նախախորհրդարանը կեղծիք է որակում ոստիկանության երեկ տարածած տեսանյութը, որտեղ իրավապահ մարմինները հերքում են «ԱՍԱԼԱ»-ի նախկին անդամ Ալեք Ենիգոմշյանի ավելի վաղ հնչեցրած մեղադրանքները։

Ըստ Նախախորհդարանի, ոստիկանների պատճառով տեսողական խնդիրներ ունեցող Ենիգոմշյանը հայտնվել էր Երևանի փողոցներից մեկի բանուկ հատվածում և միայն քաղաքացիների օգնությամբ էր կարողացել անցնել փողոցը։

Ոստիկանությունը, մինչդեռ, հրապարակած տեսանյութով հակառակն է պնդում։ Կից տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե Ենիգոմշյանին մայթ է հասցրել ոստիկանը։ Նրա համար նաև տաքսի են պատվիրել, Ենիգոմշյանը, սակայն, հրաժարվել է իրավապահների օգնությունից։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Նախախորհրդարանի ներկայացուցիչները պնդեցին, որ ոստիկանությունն այս տեսանյութով փորձում է կեղծել իրականությունը։ Վարդան Հակոբյանը, լրագրողներին ցուցադրելով ոստիկանության տեսանյութի դրվագները, ասաց՝ կադրերից չի երևում, որ Ենիգոմշյանին օգնողները ոստիկաններ են՝ քաղաքացիական հագուստով մարդիկ են, որոնց դեմքը չի երևում։

Երկրորդ կեղծիքն, ըստ բանախոսների, այն է, որ չի հասկացվում, թե ով է արտաբերում տեսանյութում լսվող խոսքերն այն մասին, որ կույրին օգնել է պետք։

«Հենց ոստիկանների կողմից նկարահանված տեսանյութն է ապացուցում, որ նրան բանուկ մասում միայնակ են թողել։ Եթե բարի լինեին, կտրամադրեին իրենց ամբողջական տեսանյութը»,- ասաց Հակոբյանը՝ ոստիկանությանը կոչ անելով հրապարակել ողջ նյութը, այլ ոչ թե մոնտաժված տարբերակը։ Այդ պարագայում իրենք կկարողանային պարզել Ենիգոմշյանին օգնել փորձող մարդկանց ինքնությունը։

Ալեք Ենիգոմյաշյանն իր հերթին, հայտարարեց, որ դեպքի օրը իրեն փողոցից մայթ տեղափոխող, հետո արդեն տաքսի առաջարկողը անցորդներ էի, ոչ թե ոստիկաններ։ Եվ քանի դեռ ոստիկանությունը չի հրապարակել ողջ տեսագրությունը, ինքը հակառակը չի կարող պնդել։ Ասում է, որ ընկերոջը բերման ենթարկելուց հետո ինքը մի քանի վայրկյան միայնակ է մնացել։ Հետո արդեն կողքից ձայն է լսել՝ «փողոցում ես, արի այս կողմ»։

«Անգամ եթե ինձ ուղեկցողը և տաքսի կանչողը ոստիկաններ են եղել, դա ընդամենը մի քիչ մեղմացնում է իրենց հանցագործությունը, բայց ոչ ամբողջությամբ, որովհետև կա ինձ ավտոյից դուրս բերելու դրվագները, որոնք իրենցից հանցագործություն են ներկայացնում»,- ասաց Ենիգոմշյանը։

Ենիգոմշյանը շեշտեց, որ իրեն փողոցում միայնակ թողնող ու ավտոմեքենայից քաշքշելով դուրս հանող ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ասաց, որ անգամ իր հաշմանդամ լինելը իրավապահներին չի ստիպել օրենքի սահմաններում գործել։ Նրանք պարտավոր էին ներկայանալ, ասում է նա։

«Հանում են, ինձ հենում են մեքենային, մեկը վերևից ինձ բռնած, երկրորդը ոտքերիցս մինչև վերև խուզարկում է ինձ, և հետո էդ խուզարկողը մյուսին ասում է՝ թող, և այդ ժամանակ ես ձեռքերս իջեցնում եմ, ինքը այդ ժամանակ ինձ նաև ձեռնաշղթա են անցկացրել»,- պատմեց Ենիգոմշյանը։

Նախախորհրդարանի ներկայացուցիչները հույս չունեն, որ իրավապահ մարմինները կբացահայտեն ճշմարտությունը։ Ասում են, որ այս ամենը քաղաքական ուղերձ էր՝ Նախախորհրդարանի քաղաքական ակտիվ գործունեությանը իշխանությունների տված պատասխանը։

Ոստիկանությունից փոխանցեցին, որ արդեն հրապարակել են եղելությունը, անգամ վկա տաքսիստի բացատրությունը։ Վերջինս ոստիկանության վարկածի օգտին է խոսում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG