Մատչելիության հղումներ

Գերմանիայի արտգործնախարար. «ԵՄ-ում չեն մոռացել Հայաստանի մասին»


Գերմանիայի արտգործնախարարի հավաստմամբ, չնայած Ուկրաինայում շարունակվող ճգնաժամին, Արևելյան գործընկերության մյուս գործընկեր-երկրները, այդ թվում՝ Հայաստանը, չեն կորցրել իրենց կարևորությունը, և Բեռլինը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Երևանի հետ:

Նման հայտարարություն Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն արեց այսօր Երևանում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Շտայնմայերի տարածաշրջանային այս այցը սահմանափակվելու է Ադրբեջանով ու Հայաստանով, երեկոյան նրան ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ երեկ Գերմանիայի արտգործնախարարին Բաքվում հյուրընկալել էր Իլհամ Ալիևը:

«Եթե նույնիսկ Ուկրաինայում ճգնաժամ կա, որի մասին մենք մանրամասն ու երկարատև զրույց ենք ունեցել, այնուամենայնիվ Եվրոպայում էներգիա, ջանք չեն խնայում․․․, որովհետև մենք համոզված ենք, որ հատկապես նման ճգնաժամերի պատճառով արևելյան այլ գործընկերներին չի կարելի մոռացության մատնել, նրանք չեն կորցնում իրենց կարևորությունը։ Արևելյան գործընկերության շրջանակներում մենք լավ համագործակցություն ենք ցանկանում, այդ թվում՝ Հայաստանի հետ: Կարևոր է, որ այս լավ հարաբերությունները գոյատևեն նաև ճգնաժամերի ժամանակ և դրանցից հետո: Կարող եմ ասել, որ Հայաստանի կողմից ընդունված որոշումները մենք հարգում ենք, դրանցից է նաև Եվրասիական տնտեսական միությանը միանալու որոշումը: Բայց կարծում եմ, Հայաստանն էլ դա որպես խոչընդոտ չի դիտում Եվրոպայի հետ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու համար»,- ասաց Գերմանիայի արտգործնախարարը։

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտնեց նաև, որ Էդվարդ Նալբանդյանի հետ խոսել են նաև Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից:

«Առիթ եմ ունեցել պարզաբանելու, թե Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ մեր կարծիքը ինչի վրա է հիմնվում»,- ասաց նա:

Իր հերթին Հայաստանի արտգործնախարարը նշեց.- «Խոսեցինք նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններից, մենք կարևորում ենք մեր երկկողմ համագործակցությունը Գերմանիայի հետ նաև այդ կոնտեքստում։ Մենք շարունակելու ենք աշխատել, ջանքեր գործադրել մեր եվրոպական գործընկերների հետ, որպեսզի նոր իրավական հիմք ձևավորենք Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների տեսանկյունից»։

Գերմանիայի արտգործնախարարի պատասխանեց նաև լրագրողներից մեկի հարցին, թե Հայոց ցեղասպանության հարյուրամյակին կարելի՞ է հաշտության նշույլներ ակնկալել Հայաստանի ու Թուրքիայի միջև:

«Այս տարի Գերմանիայում նշում էինք Առաջին աշխարհամարտի հարյուրամյա տարելիցը և այդ կապակցությամբ հիշում ենք նաև, որ 1915թ․ 1.5 միլիոն հայ է դարձել կոտորածների զոհ: Դասեր քաղելու համար պարտադիր չէ մեծ գիտնական լինել, բայց մենք կիսում ենք մեր փորձը․ թուրքական կողմի հետ մեր զրույցների ժամանակ սա հիշատակում ենք, ինչպես նաև մեր ունեցած զրույցներում՝ նախ Բեռլինում: Բարդ հարյուրամյակից հետո, որը լի էր պատերազմներով ու առճակատումներով՝ հատկապես Ֆրանսիայի հետ, մենք գտել ենք դեպի միմյանց տանող ճանապարհ, որովհետև չենք լռել այն պատասխանատվության մասին, որը եղել է, և մոռացության չենք մատնել պատմության ընթացքում պատահած սարսափելի իրադարձությունները»,- ասաց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG