Մատչելիության հղումներ

Սահմանամերձ գյուղերին արտոնություններ տվող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ


ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալու մասին օրինագիծը
please wait

No media source currently available

0:00 0:04:00 0:00

Լևոն Զուրաբյանի խոսքով՝ ՀՀԿ-ն ձգձգում է օրինագծի քննարկումը, որպեսզի մինչև հոկտեմբերի 24-ի հանրահավաքը քննարկման չդրվի կառավարման ճգնաժամի մասին իրենց հայտարարությունը։

«Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին սուր քննադատության ենթարկեց Կառավարության այդ նախաձեռնությունը՝ հայտարարելով, թե օրինագծի 90 տոկոսը կապ չունի այդ համայնքների հետ:

Նրա խոսքով, բնակիչներին հասցեական օգնություն տրամադրելու՝ օրինակ, գազի և էլեկտրաէներգիայի վճարը փոխհատուցելու փոխարեն, այս օրինագծով հարկերից ազատվում են կրպակները։

Պատգամավորը հիշեցրեց, որ այն օրերին, երբ սահմանին իրավիճակը լարվել էր, գյուղացիներին օգնության խոստումներ են տրվել․ - «Այս օրենքը նշանակում է ամառային հայրենասիրական ուտուշ-խմուշներից, սրտաճմլիկ կենացներից հետո գցել, կոտրել, հերթական անգամ արհամարհել սահմանապահ համայնքների բնակիչներին, ովքեր քնում, արթնանում, ապրում ու իրենց երեխաներին դպրոց են ուղարկում ադրբեջանական սնայպերների ուղիղ նշանառության ներքո»:

«Ազատության» հետ զրույցում հակադարձելով Փաշինյանին՝ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե սահմանամերձ բնակավայրերին հատկացվելիք օգնությունը փուլային է լինելու, և սա միայն առաջին փուլն է։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ այս օրինագծի քննարկումը ՀՀԿ պատգամավորները միտումնավոր ձգձգում են, որպեսզի մինչև հոկտեմբերի 24-ի հանրահավաքը քննարկման չդրվի ոչ իշխանական ուժերի նախաձեռնած կառավարման ճգնաժամի մասին հայտարարությունը։

«Քանի որ դուք խուսափում եք քննարկումներից այս պառլամենտում, քանի որ դուք ամեն ինչ անում եք, որ սահմանափակեք դեբատը, քանի որ վախեցած եք մեզ հետ բաց դեբատից, այդ պատճառով մենք մեր խոսքը և ժողովուրդն իր խոսքը պետք է ասենք հոկտեմբերի 24-ի հանրահավաքում: Ձեզ հետ ուրիշ խոսելու միջոց դուք չեք թողնում», - հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Զուրաբյանի ելույթից հետո հանրապետականների արձագանքները երկար սպասեցնել չտվեցին: Նախ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ասաց, թե սրտատրոփ սպասում են հոկտեմբերի 24-ին․ - «Իսկ ինչ վերաբերում է վախերից, հա, վախեցած ենք, չի՞ երևում մեր դեմքերից՝ ինչքան ենք վախեցած»:

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ անհեթեթ որակելով Զուրաբյանի մեղադրանքը՝ կոչ արեց վաղվա հանրահավաքին մասնակից քաղաքացիներին հարցնել, թե որ հարցն է ավելի կարևոր․ - «Սահմանամերձ համայնքներին տրվող արտոնությունների մասին օրե՞նքն է կարևոր, թե՞ ձեր ներկայացրած օրենքը: Հանրահավաքում հավաքված ժողովուրդը դրա պատասխանը կտա»:

Ի տարբերություն նախորդ երեք օրերի՝ այսօր Խորհրդարանում իրավիճակը համեմատաբար հանգիստ էր։ Լեզվակռիվների և փոխադարձ վիրավորանքների մասնակից հանրապետական պատգամավորները այսօր «հարգելիս» բառն էին օգտագործում գործընկերներին դիմելիս։

Օրինագծի քննարկման ժամանակ երեկ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ փոխադարձ վիրավորանքներով թեժ բանավեճի բռնված ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը այսօր հանգիստ տոնով էր բացատրում պատգամավորներին հուզող հարցերը։ Նա հայտարարեց, որ ելույթներ մեծ մասամբ ունեցել են ոչ իշխանական պատգամավորները, ուստի իրենք չէ, որ ձգձգում են քննարկումը:

Այվազյանը կոչ արեց փաստերով խոսել, օրինագծին էլ անդրադառնալով՝ հորդորեց օբյեկտիվ լինել․ Կառավարությունը, ըստ նրա, լավ քայլ է անում․ - «Սա չի՞ տնտեսական քաղաքականության իրականացումը։ Ասում ենք՝ չենք ուզո՞ւմ»:

ԱԺ-ն 86 կողմ, 5 դեմ և 2 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրինագիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG