Մատչելիության հղումներ

Կարմիր գրքում գրանցված կենդանիների շարժը կհսկվի տեսախցիկներով


Մասնագետների խոսքով՝ այս կերպ կպայքարեն նաև որսագողերի դեմ:

Մանուկ Մանուկյանը Արարատի մարզի Ուրցաձոր բնակավայրի տարածքում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի համակարգողն է:

«Էս արահետով անցնում են և բեզոարյան այծը, գորշուկը, աղվեսը, գայլը», - ցույց տալով ապաստարանի տարածքում գտնվող արահետները՝ պատմեց Մանուկյանը:

Որպեսզի նրա թվարկած կենդանիների թիվը չնվազի, տեսակն էլ չկանգնի անհետացման վտանգի առջև, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Արարատի մարզի հատուկ պահպանվող գոտիներում տեսախցիկներ է տեղադրել:

Մանուկյանի խոսքով՝ եթե այս կենդանիներին հաշվառելու համար նախկինում մասնագետները շրջում էին լեռներով ու մոտավոր թիվ գրանցում, ապա այսօր վերահսկողության ու հաշվառման գործընթացը ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով կիրականացվի:

Մինչև այսօր պահպանվող գոտիներում տեղադրված 8 տեսախցիկները միացված չէին համացանցին: Իսկ արդեն նոր՝ ևս 10-ը տեսախցիկներն աշխատում են 3G ցանցի միջոցով, արձանագրած պատկերներն էլ ուղարկվում են մասնագետների էլեկտրոնային հասցեներին:

«Ասենք, մեզ հետաքրքրում է հովազը կամ բեզոարյանը այծը, եթե ֆիքսեց էդ 10-20 րոպեի ընթացքում կադրը եկավ, հասավ մեզ, մենք արդեն կիմանանք կենդանին որտեղ է», - Մանուկյանը:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանի խոսքով՝ վայրի կենդանիների հաշվառման գործընթացն այսօր Հայաստանում թերի է իրականացվում:

Անօդաչու տեսահսկման համակարգն ու տեղադրված 18 տեսախցիկներն այս խնդիրը լուծելուց զատ, արդեն կարձանագրեն նաև որսագողերի դեմքերը:

«Եվ իհարկե տեսակներ, որոնք վտանգված են, դա կովկասյան ընձառյուծն է, որի ամեն մի շարժը պետք է ֆիքսել, տեսնել, որպեսզի մաքսիմում կարողանանք պաշտպանել այդ կենդանիներին», - նշեց Խաչատրյանը:

Այսօր, ըստ նրա, հատուկ պահպանվող գոտիներում անհետանում են վայրի կենդանիների հազվագյուտ տեսակներ: Վերջին 3-4 տարիների ընթացքում, սակայն, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի պահպանվող տարածքում ավելացել է բեզոարյան այծերի թիվը և ոչ միայն: Դրան նպաստել է խիստ վերահսկողությունը։

«Նկարահանվել են վայրի խոզեր, լուսան, 4 տեսակի անգղեր ունենք էստեղ բնադրվող: Էն տեսակներն են հիմնականում, որոնք կան Խոսրովի պետական արգելոցում, և սա իր միջավայրով շարունակությունն է հենց արգելոցի, որը շատ կարևոր է պահպանել, որովհետև ինքը հանդիսանում է թե բուֆերային գոտի Խոսրովի արգելոցի համար և թե ապահովում է հենց կորիդորները արգելոցի համար, որովհետև կենդանիները մի տեղ չեն մնում, այլ անընդհատ շարժի մեջ են»:

XS
SM
MD
LG