Մատչելիության հղումներ

Նորաստեղծ Քննչական կոմիտեին 1 միլիարդ դրամ հատկացվեց


Հայաստանի քննչական կոմիտեի ավելի ուշ տարածած հաղորդագրության համաձայն՝ Քննչական կոմիտեին հատկացված գումարը նախատեսված է 4 ամիսների համար:

Կառավարությունն այսօր որոշեց նորաստեղծ Քննչական կոմիտեին հատկացնել ավելի քան 1 միլիարդ դրամ՝ մինչև տարվա վերջ պահպանման ծախսերը հոգալու համար:

Քննչական կոմիտեն ստեղծվեց մոտ տասը տարի երկրի գլխավոր դատախազ աշխատած Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից անմիջապես հետո և այն գլխավորեց հենց ինքը՝ Հովսեփյանը:

Կարելի է ասել, որ կոմիտեի ձևավորումը այսօր էլ շարունակվում է․ մոտ մեկ շաբաթ առաջ Աղվան Հովսեփյանը հրամաններ ստորագրեց կոմիտեի մարզային քննչական վարչությունների պետեր նշանակելու մասին:

Այս տարվա ավարտին երկու ամսից փոքր-ինչ ավելի է մնացել, և 1 միլիարդը, փաստորեն, հատկացվում է այդ ժամանակահատվածի համար:

Ի դեպ, Կառավարության նիստում հարցը ներկայացնող Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը հատուկ ընդգծեց՝ այդքան գումար պահանջել է հենց Քննչական կոմիտեն․ - «Առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 1 միլիարդ 18 միլիոն 145 հազար դրամ, որից 999 միլիոն 243 հազարը Քննչական կոմիտեի պահպանման ծախսերն են, 18 միլիոն 901 հազարը կոմիտեի պահուստային ֆոնդի ձևավորման ծախսերն են: Այս նախագիծը կազմվել է Քննչական կոմիտեի ներկայացրած գրության հիման վրա»:

Ուշագրավ էր նաև այն, որ Կառավարության նիստերի ժամանակ տարբեր գերատեսչությունների ծախսերին հաճախ մանրակրկիտ ուշադրություն դարձնող և ճշգրտումներ անող վարչապետ Հովիկ Աբրահամյանը այս անգամ որևէ կերպ չարձագանքեց:

Կառավարության նիստից հետո լրագրողները հետաքրքրվեցին Հովսեփյանից՝ արդյո՞ք այդ մեկ միլիարդը շատ չէ երկու ամսվա համար: «Քննչական կոմիտեի այս տարվա ամբողջ ծախսերն են, այդ թվում նաև՝ աշխատավարձը», - ասաց Աղվան Հովսեփյանը:

Համեմատության համար նշենք, որ ողջ 2014 թվականի համար պետբյուջեից նախագահի աշխատակազմին հատկացվել է 4.2 միլիարդ դրամ, իսկ Ազգային ժողովին՝ 3.8 միլիարդ:

Մամուլում շատ է գրվել, որ Հատուկ քննչական կոմիտեն ստեղծվեց հենց Աղվան Հովսեփյանի համար, և որ լրացուցիչ կառույց ստեղծելու փոխարեն կարելի էր պարզապես ընդլայնել արդեն իսկ գոյություն ունեցող Հատուկ քննչական ծառայության լիազորությունները՝ խնայելով պետբյուջեի սուղ միջոցները մի երկրում, ուր պաշտոնական տվյալներով աղքատ է բնակչության առնվազն մեկ երրորդը:

«Ազատության» հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը հարց բարձրացրեց այն մասին, թե արդյո՞ք այս նոր կառույցի ստեղծմամբ ամրապնդվում է արդարադատության համակարգը․ - «Երբ որ ստեղծվում է այն ժամանակ, երբ Աղվան Հովսեփյանին հեռացնում են գլխավոր դատախազի պաշտոնից, իհարկե ժամանակի առումով նման փոփոխությանը համընկացնելը անձի տեղավորման հետ դա ոչ թե պատահական է, այլ տրամաբանական է, որովհետև մեր մոտ որոշումները կայացնում են ոչ թե խնդիրների լուծման տրամաբանությունից ելնելով, այլ խմբի՝ այդ կլանի, շահերը լուծելու համար»:

Երեկոյան Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ պարզաբանելով, որ Կառավարության պահուստային ֆոնդից Քննչական կոմիտեին հատկացված գումարը նախատեսված է՝ մասնավորապես կոմիտեի և դեպարտամենտի՝ 2014 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների պահպանման ծախսերի համար, որից 965797.9 հազարը՝ աշխատողների աշխատավարձերի համար է, իսկ մնացած 52347.1 հազարը՝ վարչական շենքերի պահպանման, կոմունալ, էլեկտրաէներգիայի, ջեռուցման ծախսերի, ներքին գործուղումների, վարչական ծառայությունների, տրանսպորտային միջոցների սպասարկման և գրասենյակային պիտույքներ ձեռք բերելու համար։

«Նշված գումարը ներառված է եղել 2014 թվականի պետական բյուջեում՝ Պաշտպանության նախարարության և Կառավարությանն առընթեր Ոստիկանության համապատասխան քննչական ստորաբաժանումների պահպանման ծախսերի համար։ Այն ուղղելով Քննչական կոմիտեին՝ համապատասխան պակասեցումներ են կատարվել նշված գերատեսչությունների բյուջետային հատկացումներից», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։։

XS
SM
MD
LG