Մատչելիության հղումներ

logo-print

Ալասանիա. «Թբիլիսին, Բաքուն և Անկարան համատեղ ուժերով կպաշտպանեն ռազմավարական ենթակառույցները»


Ֆիլիպ Բրիդլավը և Իրակլի Ալասանիան համատեղ մամուլի ասուլիսում: Թբիլիսի, 23-ը հոկտեմբերի, 2014թ․

Ֆիլիպ Բրիդլավը և Իրակլի Ալասանիան համատեղ մամուլի ասուլիսում: Թբիլիսի, 23-ը հոկտեմբերի, 2014թ․

Վրաստանն առաջիկայում է'լ ավելի է խորացնելու ռազմաքաղաքական կապերը թե' Թուրքիայի և թե' Ադրբեջանի հետ:

Այս մասին այսօր Թբիլիսիում հայտարարեց Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Նեջեթ Օզելի հետ հանդիպման ավարտին:

Նշեմ, որ երկօրյա այցով Վրաստան ժամանած թուրքական բանակի հրամանատարին Թբիլսիում դիմավորեցին մեծ շուքով:

«Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի այցելությունը Վրաստանի և Թուրքիայի բանակների միջև 20-ամյա համագործակցության ևս մեկ վկայությունն է: Պետք է ընգդծել, որ տարիների ընթացքում այս համագործակցությունն ավելի ու ավելի պատկառելի բնույթ է ստանում», - նշել է Ալասանիան:

Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով, սակայն, Թբիլիսին և Անկարան չեն սահմանափակվում զուտ երկկողմ կապերի խորացմամբ․ - «Թուրքիա - Վրաստան - Արդբեջան եռակողմ համագործակցությունն է՛լ ավելի ակտիվացնելուն ուղղված միջոցներն ասօրվա մեր բանակցությունների հիմնական թեմաներից էին: Մենք պայմանավորվեցինք համատեղ զորավարժություններ անցկացնել և միջոցներ՝ երեք գործընկեր պետություններին միմյանց կապող կենսական, ռազմավարական ենթակառույցների պաշտպանության համար»:

Այսօր կայացած բանակցությունների ընթացքում Իրակլի Ալասանիան նաև ցանկություն է հայտնել, որպեսզի Թուրքիան առավելագույն մասնակցություն ունենա ՆԱՏՕ - Վրաստան համագործակցության փաթեթով նախատեսված քայլերի կյանքի կոչմանը: Վրաստանի պաշտպանության նախարարը նաև շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին` Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անմակցության գաղափարին մշտապես աջակցելու համար:

Նշեմ, որ Վրաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների թեման Թբիլիսիում քննարկում էին նաև երեկ, երբ Վրաստան էր ժամանել Եվրապայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ավարտին ամերիկացի գեներալը նշել էր․ - «Կարող եմ ասել, որ շատ կառուցողական զրույցներ ունեցանք հետագա առաջընթացի ուղիների վերաբերյալ: Որպես հիմք մենք պետք է ընդունենք սեպտեմբերին Ուելսում կայացած դաշինքի գագաթաժողովի ընթացքում Վրաստան - ՆԱՏՕ հարաբերությունների մասին ձեռք բերված պայմանավորվածությունները»:

Հիշեցնեմ, որ ուելսյան համաժողովի ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները որոշեցին սերտացնել կապերը Վրաստանի հետ` դիմելով նաև մի շարք կոնկրետ քայլերի: Դրանցից առավել աչքի ընկնողը թերևս Վրաստանի տարածքում դաշինքի վարժական կենտրոն բացելու որոշումն էր: Բնական է, որ Թբիլիսիում գեներալ Բրիդլավը չէր կարող շրջանցել նաև այն դերակատարությունը, որ ստանձնել է Վրաստանը ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող գործողությունների ընթացքում:

«Օգտվելով առիթից՝ ես վարչապետին և Վրաստանի մյուս բոլոր ղեկավարներին իմ երախտագիտությունը փոխանցեցի այն աջակցության համար, որ մեր դաշինքին են ցուցաբերում Վրաստանի բանակն ու վրաց ժողովուրդը», - հայտարարեց Բրիդլավը:

Հյուսիսատլանտյան դաշինքի բարձաստիճան ղեկավարի կողմից Վրաստանի դերակատարության նման ընդգծումը ևս պատահական չէր: Վրաստանը Աֆղանստանում դաշինքի կողմից իրականացվող գործողությանը մասնակցող և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող խոշորագույն պետությունն է:

2012 թվականից ի վեր Աֆղանստանում ծառայող վրաց զինվորականների թիվը հասնում է 1500-ի: Այս ընթացքում վրացական բանակը Աֆղնաստանում 29 զոհ է տվել և ավելի քան 400 վիրավոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG