Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 26-28-ը, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, Հայաստանի տարածքում սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում՝ անձրևի:

Նշված օրերին՝ հոկտեմբերի 25-ի համեմատ, օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում կնվազի 17-18 աստիճանով, իսկ մյուս մարզերում և Երևանում` 7-9 աստիճանով:

Գյուղատնտեսության նախարարությունը, իր հերթին, հողօգտագործողներին հորդորում է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել առաջիկա երկու օրերին բանջարաբոստանային մշակաբույսերի, կարտոֆիլի, խաղողի, պտուղների և այլ մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքներն ավարտելու համար:

Գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ չնայած նշված ժամանակահատվածում Արարատյան դաշտում և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում զրոյից ցածր ջերմաստիճաններ չեն կանխատեսվում, այնուամենայնիվ, ցրտահարությունների վտանգը այստեղ նույնպես չի բացառվում, և հիշյալ տարածաշրջաններում ևս պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բերքի հնարավոր կորուստներից խուսափելու համար:

Նախարարությունը նաև հորդորում է սեղմ ժամկետներում ավարտել աշնանացան մշակաբույսերի ցանքը, շուտափույթ սկսել խաղողի այգեթաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG