Մատչելիության հղումներ

Վարչական դատարանը մերժել է Զարուհի Փոստանջյանի հայցն ընդդեմ Գալուստ Սահակյանի


ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 22-ը հոկտեմբերի, 2014թ.
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 22-ը հոկտեմբերի, 2014թ.

Ընդդիմադիր պատգամավորը հայցի մերժումը կբողոքարկի Վերաքննիչ վարչական դատարանում։

Վարչական դատարանը մերժել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայցը ընդդեմ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի։

Հիշեցնենք՝ ամսվա սկզբին ընդդիմադիր պատգամավորը դիմել էր Վարչական դատարան` պահանջելով պարտավորեցնել խորհրդարանի ղեկավարին շրջանառության մեջ դնել Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը խստորեն դատապարտող` իր հեղինակած հայտարարության նախագիծը:

«Փաստորեն, Վարչական դատարանը զրկել է ինձ դատական պաշտպանությունից, և տվյալ պարագայում, երբ Գալուստ Սահակյանը հանդիսանում է որպես վարչական մարմին, որն իրականացրել է վարչական գործառույթ, այսինքն՝ չի դրել շրջանառության մեջ իմ օրենքի նախագիծը, խոչընդոտել է Սահմանադրությամբ նախատեսված՝ Ազգային ժողովի պատգամավորի իմ իրավունքին՝ հանդես գալու օրենսդրական նախաձեռնությամբ, և որպես վարչական մարմին նա պետք է կանչվեր պատասխանատվության։ Մինչդեռ հասկանալի է, որ Վարչական դատարանը, լինելով ճնշման ներքո Գալուստ Սահակյանի կողմից, չէր կարող այլ որոշում կայացնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը։

Պատգամավորը խոստանում է հայցի մերժումը բողոքարկել Վերաքննիչ վարչական դատարանում, իսկ «արդյունավետ», իր իրավունքը պաշտպանող որոշում չունենալու դեպքում կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։

«Պետք է, իհարկե, բարձրացվի որպես խտրական մոտեցում այլակարծիք պատգամավորի գործունեության նկատմամբ։ Սա ես գնահատում եմ որպես քաղաքական ենթատեքստ ունեցող խոչընդոտում, որին արդեն միացել է նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը», - հայտարարեց Փոստանջյանը։

XS
SM
MD
LG