Մատչելիության հղումներ

logo-print

Ոստիկանությունը հերքում է, թե Ենիգոմշյանին անօգնական են թողել


Ըստ Ոստիկանության այսօր տարածած հայտարարության՝ ոստիկաններն անմեղ են Ալեք Ենիգոմշյանի հետ տեղի ունեցած միջադեպի ժամանակ:

Հայտարարությամբ ոստիկանությունը հերքում է Նախախորհրդարանի այն պնդումները, թե ոստիկանները քրեական հանցագործություն են կատարել՝ «Նախախորհրդարան»-ի անդամ, տեսողական խնդիրներ ունեցող Ալեք Ենիգոմշյանին անօգնական թողնելով ճանապարհի բանուկ մասում:

Ոստիկանապետի հանձնարարականով ծառայողական քննություն էր նշանակվել Ալեք Ենիգոմշյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որի արդյունքները այսօր ոստիկանությունը հրապարակել է տեսանյութի տեսքով՝ օգտագործելով տեսանկարահանող սարքերի, ինչպես նաև օպերատիվ նկարահանման կադրերը:

Ոստիկանությունը պնդում է, որ Ենիգոմշյանին օպերատիվ խմբի ղեկավար Պավել Օրդյանը դուրս է բերել փողոցի բանուկ հատվածից, իր օգնությունն առաջարկել ու փորձել նրան տաքսի ավտոմեքենայով ճանապարհել․ - «Սակայն վերջինս պատասխանեց, որ չի ցանկանում մեր տաքսի ավտոմեքենայով տեղ գնալ, իր հետևեց հեսա կգան»։

Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը, սակայն, ով միջադեպի օրը եկել էր օգնելու Ենիգոմշյանին, ասում է, որ ոստիկանությունը իրականությունը պարզելու փոխարեն հերթական անգամ խեղաթյուրում է փաստերը․ - «Ֆրագմենտալ է ցույց տալիս կադրերը և միտումնավոր թաքցնում է այն ամբողջ ընթացքը, ինչ տեղի է ունեցել: Ինչքան ժամանակ է Ալեք Ենիգոմշյանը կանգնած եղել փողոցում․ այդ ամբողջ ընթացքը ոստիկանները, ցավոք, ցույց չեն տալիս: Գաղտնիքը այստեղ է»:

Վարդան Հակոբյանն ասում է, որ վաղը Ալեք Ենիգոմշյանը պատրաստվում է ասուլիսով հանդես գալ և ավելի մանրամասն պատմել ոստիկանության անօրինական գործողությունների մասին:

XS
SM
MD
LG