Մատչելիության հղումներ

Վարչապետը կառավարման ճգնաժամ չի տեսնում


Այսօր Խորհրդարանից հեռանալիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է եռյակի հնչեցրած իշխանափոխության պահանջին՝ պնդելով, թե որևէ մեկը չի կարող պաշտոնանկ անել նախագահ Սերժ Սարգսյանին:

Լրագրողների հարցին, թե կցանկանա՞ արդյոք, որ իր խնամի Գագիկ Ծառուկյանը դառնա նախագահ, վարչապետն արձագանքեց․ - «Մեր խնամիների հետ ի՞նչ գործ ունեք»:

«Նախ, կոռեկտ չի հիմա նախագահի մասին խոսել, և խորհուրդ եմ տալիս ձեզ չխոսել էդ մասին, քանի որ նախագահը դեռ մոտ 4 տարի ունի աշխատելու: Եվ յուրաքանչյուր քաղաքական գործիչ, ով էդ մասին խոսում է, դա ժամանակավոր է և կոռեկտ չի», - հավելեց վարչապետը:

Կառավարման ճգնաժամի մասին դիտարկմանը Աբրահամյանն արձագանքեց․ - «Դո՞ւք տեսնում եք որևէ մի հարց, որը մենք չենք կարողանում կառավարենք: Մենք շատ լավ կառավարում ենք, դեռ նույնիսկ փորձում ենք մեր լիազորությունները, պոտենցիալը 100 տոկոս օգտագործենք և առաջիկայում ավելի լավ կառավարելու ենք, արդյունավետ: Եվ մենք հաջորդ տարվա բյուջեն, որ ներկայացնելու ենք Ազգային ժողով ավելի իրատեսական, և մենք պատասխանատվություն ենք կրում, քանի որ մենք ենք կազմել ի սկզբանե․․․ Մենք հայտարարել ենք, որ մեզ համար գերական մեր քաղաքացու սոցիալական խնդիրներն են»:

«Իշխանափոխության ես որևէ հիմք չեմ տեսնում: Ասելով չի, պետք է հիմքեր լինեն: Ես որևէ, ինչպես դուք ասացիք, կառավարման ճգնաժամ չեմ տեսնում, հակառակը՝ տեսնում եմ, որ Կառավարությունը ակտիվ աշխատում է», - հայտարարեց Հովիկ Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG