Մատչելիության հղումներ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանն ուղեկցվեց վիրավորանքներով ու վեճերով


ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանն ուղեկցվեց վիրավորանքներով ու վեճերով
please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00

Թեժ վիճաբանություններով, վիրավորանքերով ու խոսափողներն անջատելով մեկնարկած Ազգային ժողովի քառօրյան այսօր շարունակվեց նաև Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

Ընդդիմադիր պատգամավորների հարցերին նախարարները կամ չէին պատասխանում կամ հակադարձում որակումներով։ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին հետաքրքրում էր՝ ինչո՞ւ է Հայաստանի միջազգային համախառն պահուստների չափը «հատել անթույլատրելի կարմիր գիծը»՝ ստեղծելով ճգնաժամային վիճակ։

«Մենք հիմա ունենք 1 միլիարդ 600 միլիոն պահուստ, իսկ պետք է ունենայինք առնվազն 2 միլիարդ 238 միլիոն պահուստ։ Ես կցանկանայի, որ կառավարությունը ներկայացնեին՝ ինչ միջոցներ են ձեռնարկել, որ այս վտանգավոր իրավիճակը չլինի»,- հարցրեց Զուրաբյանը։

Կառավարությունից, սակայն, որևէ մեկը չպատասխանեց ընդդիմադիր պատգամավորին։ Գալուստ Սահակյանը փոխանցեց, թե հաշվի առնելով հարցի ծավալը գործադիրն առաջարկում է այն գրավոր ուղղել, ինչից հետո խորհրդարանի խոսնակը Լևոն Զուրաբյանին զրկեց արձագանքելու հնարավորությունից՝ անջատելով նրա խոսափողը։

«Ամոթ է, վախենում եք ամեն ինչից»,- դահլիճից բղավեց Զուրաբյանը: «Չենք վախենում, դողում ենք»,-տեղից հեգնելով հակադարձեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ընդդիմադիր կոնգրեսի մեկ այլ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին թեև պատասխան հնչեց, բայց դարյալ հեգնանքով համեմված: Մանուկյանը ուզում էր իմանալ՝ ինչո՞ւ են մասնավոր բուհերին հատկացված շուրջ 3700 տեղերում ընդամենը 40 ուսանող ընդունվել։

«Մասնավոր բուհը՝ շուկայական տնտեսության այս կարևոր բնագավառը, ոչնչացրել եք Հայաստանում»,- ասաց Մանուկյանը։

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ամենայն հավանականությամբ, դուր չեկավ պատգամավորի խոսելու տոնը.- «Բովանդակության բացակայությունը կարող եք լրացնել ձեր տառաճանաչությունը ապացուցելով՝ թվարկելով բոլոր [հնչյունները]... ես գիտեմ, ինչ եմ անում, ինձ մի ասեք՝ ես ինչ անեմ։ 90-ականներից սկզբից եք թույլ տվել բացել տասնյակ մասնավոր բուհեր, որոնց որակը երբեք չեք ստուգել, որտեղ ընդունված մարդկանց տվել եք թղթի կտորներ, այդ ժամանակ դեռևս առաջին անգամ Հայաստան ներմուծված գունավոր պրինտերների վրա տպած, «Մսրա Մելիք» համալսարան, եսիմ ինչ համալսարան, լավ ա Լևոն Տեր-Պետրոսյանի անվան բուհ չեք բացել ժամանակին, էդպես էլ կարող էիք անել»։

Հարցուպատասխանը ավելի հանգիստ մթնոլորտում շարունակվեց, բայց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հստակ պատասխան չտվեց «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին՝ հնարավո՞ր է արդյոք մինչև տարեվերջ Հայաստանը Եվրամիության հետ ստորագրի Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, որպեսզի կյանքի կոչվեն փաստաթղթում տեղ գտած բարեփոխումները։

«Ես կարող եմ միայն հաստատել, որ Հայաստանը պատրաստ է բոլոր ձևաչափերով, բոլոր ոլորտներով և բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել իր համապարփակ համագործակցությունը Եվրամիության հետ, եթե դրանք չեն հակասում մեր այլ պարտավորություններին այլ ինտեգրացիոն պրոցեսներում»,- ասաց Նալբանդյանը։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին՝ Իրան այցելության ժամանակ կառավարությունը քննարկե՞լ է երկաթգծի ճակատագիրը։

«Մենք հիմա ունենք մի կազմակերպություն, որը աշխատում է։ Մենք տվել ենք հավանություն, հիմա այդ ընկերությունը փորձում է ներդրումների խնդրով զբաղվել, ներդրողներ է փնտրում, որպեսզի իրականացվի այդ ծրագիրը։ Դա, իհարկե, մեր տնտեսության համար շատ կարևոր է։ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը համաձայն է, բայց մենք դեռ այդ ֆինանսական աղբյուրի հայթայթման խնդրում չունենք կոնկրետ լուծում»,- պատասխանեց վարչապետը։

«Բարգավաճ Հայաստան»-ից Տիգրան Ուրիխանյանը արդարադատության նախարարին հարցրեց՝ ի՞նչ հիմքով է ԴԱՀԿ-ը առանց դատարանի վճռի սառեցնում մարդկանց բանկային հաշիվները, երբ նրանք տուգանվում են: Հովհաննես Մանուկյանը Սահմանադրական դատարանի որոշմանն է սպասում,- «Հույս ունեմ, որ մենք ինչ-որ մի պահի կունենանք սրա վերաբերյալ մեր երկրի ամենահեղինակավոր դատարանի դիրքորոշումը՝ կապված խնդրի սահմանադրականության հետ»,- ասաց նախարարը։

Հարցը հնչեցրած Տիգրան Ուրիխանյանը նույնպես զրկվեց արձագանքելու հնարավորությունից, աշխատանքային օրն ավարտվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG