Մատչելիության հղումներ

Ջոն Քերրի. Ազատություններն աշխարհում վտանգված են


Գերմանիա - ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Բեռլինը նախկինում արևելյան և արևմտյան մասերի բաժանող «Չարլի» անցակետի մոտ հուշանվերների կրպակում գնել է «Ես սիրում եմ Բեռլինը» շապիկը, 22-ը հոկտեմբերի, 2014թ.

Գերմանիա - ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Բեռլինը նախկինում արևելյան և արևմտյան մասերի բաժանող «Չարլի» անցակետի մոտ հուշանվերների կրպակում գնել է «Ես սիրում եմ Բեռլինը» շապիկը, 22-ը հոկտեմբերի, 2014թ.

ԱՄՆ-ի պետքարտուղարը Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել ագրեսիան Ուկրաինայում։

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին չորեքշաբթի օրը Բեռլինում ասել է, որ աշխարհի տարբեր շրջաններում, նույնիսկ Եվրոպայում ազատությունները վտանգված են։

«Մենք հուսով ենք, որ Ռուսաստանը, որի հետ հակամարտություն չենք որոնում, որի հետ կգերադասենք համագործակցել և համաշխարհային հարցեր լուծել, կհասկանա, թե որքան է աշխարհը կարևորում պետությունների ինքնիշխանությունը և անկախությունը», - ասել է Քերրին։

Նոյեմբերի 9-ին Բեռլինը նշելու է քաղաքը արևելյան և արևմտյան մասերի բաժանած տխրահռչակ պատից ազատվելու 25-ամյակը։

Ջոն Քերրիի հայրը` Ռիչարդ Քերրին, դիվանագետ էր, աշխատել է Գերմանիայում։ Ջոն Քերրին 12 տարեկան էր, երբ առաջին անգամ այցելել է Արևելյան Բեռլին։

«Երբ ապրում էի այստեղ, միացյալ Գերմանիա դեռ չկար։ 12 տարեկանում օգտվեցի դիվանագիտական անձնագրից և հեծանվով մեկնեցի Արևելյան Բեռլին։ Տարբերությունը շատ մեծ էր, այնքան սարսափազդու, որ ես արագ վերադարձա ամերիկյան սեկտոր», - ասել է պետքարտուղարը։

Քերրիի փոխանցմամբ՝ իր տեսածը հույսի և հուսահատության տարբերություն էր, այն զգացվում էր մթնոլորտում։

«Դա ազատության և հալածանքի տարբերություն էր, սեփական կյանքը տնօրինող և այդ հնարավորությունից զրկված մարդկանց տարբերություն», - ասել է Քերրին՝ համեմատելով Արևմտյան և Արևելյան Բեռլինը։

Նրա խոսքով, ազատությունը, որը հիմա ունեն Գերմանիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիները, տալիս է քաղաքական ղեկավարներին ընտրելու, իշխանությունների քայլերին համաձայնություն չտալու, քննադատելու հնարավորություն։

«Այդ ազատություններն աշխարհի տարբեր մասերում վտանգված են, նույնիսկ այստեղ` Եվրոպայում։ Ռուսաստանը պարտավոր է վերջ տալ ագրեսիային Ուկրաինայում», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը Բեռլինում, որը 25 տարի առաջ դարձավ միացյալ Գերմանիայի մայրաքաղաքը։

XS
SM
MD
LG