Մատչելիության հղումներ

Նախագահը մասնակցեց ամերիկահայ բարերարի ֆինանսավորմամբ կառուցված դպրոցի բացմանը


Գյումրու երկու լրատվամիջոցներ բոյկոտեցին Սերժ Սարգսյանի՝ Գյումրի կատարած այցի լուսաբանումը:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցեց ամերիկահայ բարերար Հովհաննես Օյունջյանի ֆինանսավորմամբ Գյումրիում կառուցված «Վարդուհի» արվեստի դպրոցի բացմանը:

Երեկ, երբ հայտնի դարձավ, որ Սարգսյանի այցը լրատվամիջոցների լուսաբանման համար սահմանափակումներով է լինելու, այսինքն՝ նախագահի՝ արվեստի դպրոցում գտնվելու պահին լրատվամիջոցները հնարավորություն չեն ունենա այնտեղ գտնվել, տեղի 2 լրատվամիջոցները՝ «Գալա» հեռուստաընկերությունը և «Ասպարեզ» օրաթերթը հայտարարեցին, որ բոյկոտում են նախագահի՝ Գյումրի կատարած այցի լուսաբանումը:

1988-ի Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Հովհաննես Օյունջյանը Գյումրի է այցելում ու որոշում է ստեղծել «Օյունջյան հիմնադրամը» և աջակցել աղետից տուժած քաղաքի վերականգնմանը:

Ընդհանուր առմամբ, տարիների ընթացքում հիմնադրամը շուրջ 6 մլն դոլարի ներդրում է արել Գյումրիում: Հովհաննես Օյունջյանն այսօր Մշակույթի նախարարության ոսկե մեդալով պարգևատրվեց:

Տարիներ առաջ հիմնանորոգվեց ու կահավորվեց Օյունջյան վարժարանը, հիմա էլ բացվեց արվեստի դպրոցը: Արվեստի դպրոցը բարերարը քրոջ՝ Վարդուհու հիշատակին է կառուցել:

Հովհաննես Օյունջյանը Գյումրիում հաճախ է լինում, հետևում ընթացող ծրագրերին ու կատակով ասում, թե «ես Գյումրիի հետ ամուսնացա»:

94-ամյա բժիշկ բարերարը Նյու-Յորքում սեփական կլինիկան ունի: Ասում է, թե այն, ինչ աշխատում է Միացյալ Նահանգներում, ներդնում է Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG