Մատչելիության հղումներ

Կվերսկսվի Դինքի սպանության գործի առանցքային դրվագների քննությունը


Հրանտ Դինք, դեկտեմբեր, 2006թ․

Ըստ փաստաբանների՝ թուրք պաշտոնյաները տեղյակ են եղել նախապատրաստվող մահափորձին, բայց կանխարգելիչ քայլեր չեն ձեռնարկել:

«Ակոս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի որոշ առանցքային դրվագների հետաքննությունը վերսկսվելու է: Երեկ նման հայտարարությամբ հանդես եկավ Թուրքիայի արդարադատության նախարարությունը` թույլատրելով իրավապահներին վերադառնալ հայազգի խմբագրի սպանության թերևս ամենաառեղծվածային հատվածի քննությանը:

Խոսքը Դինքի սպանությանը նախորդած շրջանում բարձրաստիճան 9 թուրք պաշտոնյաների գործողությունների, ավելի ճիշտ՝ նրանց անգործության մասին է:

Այս պաշտոնյաները, ըստ Հրանտ Դինքի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբանների, հստակ օպերատիվ տեղեկությունների էին տիրապետում առ այն, որ հայտնի ստամբուլահայ լրագրողի դեմ մահափորձ է նախապատրաստվում, սակայն որևէ կանխարգելիչ քայլ այդպես էլ չէին ձեռնարկում:

Ըստ փաստաբանների, հանցավոր անգործություն ցուցաբերած պաշտոնյաների թվում են Ստամբուլի ոստիկանական վարչության նախկին ղեկավար Ջելալեթին Ջերահը, 2007-ին Ստամբուլի փոխնահանգապետի պաշտոնը զբացեղնող Էրգուն Գունգյորը, ինչպես նաև Ստամբուլի ոստիկանության քրեական հետախուզության վարչության նախկին ղեկավար Ահմեթ Իլհան Գյուլերը:

Դեռ 2011 թվականին փաստաբանները պաշտոնապես դիմել էին Ստամբուլի գլխավոր դատախազություն` պնդելով, որ վերը հիշատակված պաշտոնյաները պետք է խստորեն պատժվեն, քանի որ չեն կատարել օրենքով իրենց վերապահված լիազորությունները և չեն կանխել Հրանտ Դինքի սպանությունը:

Ծրագրվող սպանության մասին Ստամբուլի քաղաքացիական իշխանություններին և իրավապահ համակարգին տեղեկացրել էին Տրապիզոնի ռազմական ոստիկանության աշխատակիցները, որոնց կողմից հավաքագրված գաղտնի գործակալը` Էրհան Թունջելը, Դինքի սպանությունը նախաձեռնած և իրականացրած խմբի կարևորագույն անդամներից մեկն էր:

Նշենք, որ վերջին երեք տարիներին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ այս բողոքի հիման վրա մեկնարկած հետաքննությունը պարբերաբար սառեցվում էր Ստամբուլի դատախազության կողմից:

Այս տարեսկզբին, հետաքննության հերթական ընդհատումից հետո, Դինքի ընտանիքի փաստաբանները բողոքով դիմեցին Թուրքիայի Բաքիրքյոյ շրջանի 8-րդ Գերագույն քրեական դատարան, որն էլ մայիսի 21-ին կայացրած վճռով պարտավորեցրեց Դատախազությանը պարզել` արդյոք բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունները հանցակազմ պարունակում էին, թե ոչ: Բայց նույնիսկ դատարանի վճռից հետո Դատախազությունը չէր ցանկանում վերսկսել հետաքննությունը` ուղղակիորեն դիմելով Արդարադատության նախարարությանը` դատարանի վճիռը վերանայելու խնդրանքով: Այս գերատեսչությունը, սակայն, երեկ հրաժարվեց պաշտպանել թուրք դատախազներին:

«Արդարադատության նախարարության այս որոշումը բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունների հետաքննության հստակ հնարավորություն է ստեղծում», - գրում է Zaman-ը:

XS
SM
MD
LG