Մատչելիության հղումներ

«Տոտալ»-ի ղեկավարի մահը կարող է ծանր հետևանքներ ունենալ Մոսկվայի համար


Ձյունամաքրող մեքենայի վարորդ, կասկածյալ Վլադիմիր Մարտինենկոն ստորագրում է իր տված ցուցմունքը, Մոսկվա, 21 հոկտեմբերի, 2014թ.

Ձյունամաքրող մեքենայի վարորդ, կասկածյալ Վլադիմիր Մարտինենկոն ստորագրում է իր տված ցուցմունքը, Մոսկվա, 21 հոկտեմբերի, 2014թ.

Ռուսական ԶԼՄ-ներում ամոթի և շփոթվածության տրամադրություններ են։

Համաշխարհային գործարար հանրությունը դեռ ուշքի չի եկել «Տոտալ» ընկերության ղեկավար Կրիստոֆ դե Մարժերիի որքան եղերական, նույնքան էլ անհեթեթ մահվան լուրից։

Գուցե այդպիսի միջազգային արձագանք չէր լինի, եթե վթարի զոհը չլիներ մոլորակի էներգետիկայի համակարգում ամենահայտնի ընկերություններից մեկի ղեկավարը։

Ի՞նչ հետևանքներ կունենա «Վնուկովո» օդակայանում տեղի ունեցած ողբերգությունը Ռուսաստանի համար։ Բոլոր փորձագետները նախևառաջ նշում են երկրի վարկանիշին աղետի հասցրած ծանր հարվածը։

Հանգամանքներն իսկապես շատ ռուսական էին` վատ եղանակ, երիտասարդ, անփորձ դիսպետչեր և, ըստ մոսկովյան լրատվամիջոցների, հարբած վարորդ, մի խոսքով, այն, ինչ հենց իրենք` ռուսներն, անվանում են «բարդակ»։

Մինչդեռ, այդ տհաճ իրողությունից բացի, աղետը Ռուսաստանին կարող է հասցնել նաև քաղաքական ու տնտեսական հարվածներ։ Կրիստոֆ դե Մարժերին համարվել է Մոսկվայի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևի բարեկամն ու դաշնակիցը։ Նա քննադատել է միջազգային պատժամիջոցները, պնդելով, որ չի կարելի լուրջ բիզնեսը ներքաշել քաղաքական դաշտ։

«Տոտալ»-ը Ռուսաստանում նավթ է արդյունահանում 15 տարի։ Դե Մարժերին ընկերության ղեկավարումը ստանձնել է 2007-ին։ «Վեդոմոստի» պարբերականի փոխանցմամբ, 2013 թվականին «Տոտալ»-ը Ռուսաստանում 16 տոկոսով ավելացրել է արդյունահանումը, ինչը յուրօրինակ ռեկորդ է։

Ազգային էներգետիկայի ինստիտուտի տնօրեն Սերգեյ Պրավոսուդովը «Կոմսոմոլսկկայա պրավդա»-ին ասել է, որ «Տոտալ»-ի աննախադեպ ակտիվության ջատագովն ու շարժիչ ուժը դե Մարժերին էր, նրա եռանդն ու Ռուսաստանում բիզնեսն ընդարձակելու վճռականությունը։

Դե Մարժերիի համար ողբերգական դարձած մոսկովյան վերջին այցի օրակարգում մի ելույթ էր, որով նա հանդես եկա վարչապետ Դմիտրի Մեդվեդևի նախագահությամբ գումարված արտասահմանյան ներդրումների հարցով կոնսուլտատիվ խորհրդի 28-րդ նիստում։

Դե Մարժորին իր ելույթում խիստ քննադատել է պատժամիջոցները՝ ասելով, որ դրանք խոչընդոտում են ամերիկյան և եվրոպական ընկերությունների աշխատանքը Ռուսաստանում։

Մինչդեռ բուն ողբերգության հանգամանքների կապակցությամբ վերաբերյալ հարուցվել է երկու քրեական գործ, մեկը՝ Ռուսաստանում, մյուսը՝ Ֆրանսիայում։ Ֆրանսիացի մասնագետները ժամանել են Մոսկվա, որտեղ միացել են աղետը հետաքննող ռուսաստանցի գործընկերներին։

Հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը Կրիստոֆ դե Մարժերիի դեպի Փարիզ ուղղություն վերցրած փոքրիկ ինքնաթիռը, չհասցնելով օդ բարձրանալ, բախվել է ձյունամաքրիչ մեքենային, շրջվել և հրդեհվել է, զոհվել են բոլորը` «Ֆալկոնի» անձնակազմի երեք անդամներն ու VIP ուղևորը` «Տոտալ» կոնցերնի 63-ամյա նախագահը։

Ռուսական լրատվամիջոցների վկայակոչել են Դաշնության քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին, ով ասել է, թե «այդ աղետը «Վնուկովո» օդակայանի աշխատանքի կազմակերպման ընթացքում թույլ տրված հանցավոր անփութության հետևանք է»։

Ռուսաստանի առաջին հեռուստակայանի փոխանցմամբ, ձյունամաքրիչ մեքենայի վարորդ Վլադիմիր Մարտինենկոն առաջին հարցաքննության ժամանակ ասել է, որ չի նկատել, թե ինչպես է հայտնվել թռիչքուղու վրա, աշխատող տեխնիկայի աղմուկի պատճառով չի տեսել մոտեցող օդանավը։

Վարորդի փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը հավաստիացնում է, որ Մարտինենկոն հարբած չէր, ունի սրտի հիվանդություն, օգտագործում է կաթիլներ, որոնք չնչին քանակությամբ ալկոհոլ են պարունակում։

«Տոտալ»-ի նոր գործադիր տնօրեն է նշանակվել Պատրիկ Պուաննեն, իսկ տնօրենների խորհրդի նախագահ` Տյերի Դեմարը։ Մոսկվայում հուսով են, որ դե Մարժերիի ողբերգական մահը չի ազդի Ռուսաստանի նկատմամբ «Տոտալ»-ի որդեգրած քաղաքականության վրա։

Ի վերջո, ընկերությունը շատ մեծ ներդրումներ է արել և չի ցանկանա ինքն իրեն վնաս հասցնել, բայց մյուս կողմից նոր ղեկավարը կարող է հայտնվել քաղաքական ղեկավարների ազդեցության տակ և մոտեցումները և որոշակիորեն սահմանափակել «Տոտալ»-ի բիզնեսը Ռուսաստանում։

Նույնիսկ ժամանակավոր սառեցումը քաղաքական և տնտեսական վնաս կհասցնի Պուտինի վարչակարգին, քանի որ Դաշնության բյուջեն լցնելու հիմնական աղբյուրն էներգակիրների արտահանումն է։

Այսօր ռուսական մամուլում ամոթի և շփոթվածության տրամադրություններ են։ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի մեկնաբան Միխայիլ Ռոստովսկու կարծիքով, այսօրինակ ողբերգությունները միայն ամրապնդում են Արևմուտքում առկա այն մտայնությունը, որ Ռուսաստանը տարօրինակ և սարսափազդու երկիր է, որի հետ ավելի լավ է գործ չունենալ։

Մեկնաբանն ասում է, թե հիմա Արևմուտքում միանգամայն արդարացիորեն կչարախնդան, կասեն. «Ֆրանսիական բիզնեսի հսկա դե Մարժերին հավատում էր Ռուսաստանին, այդքան ներդրում էր արել, պաշտպանել, տեսա՞ք, ինչպես նրան հատուցեց Ռուսաստանը, մարդն այլևս չկա»։

Շատ տխուր և դիպուկ է մեկնաբանի եզրահանգումը. «Արտաքին թշնամիներն, իհարկե, ի զորու են Ռուսաստանին ցավոտ հարվածներ հասցնել, բայց դա ոչինչ է այն հարվածների համեմատությամբ, որոնք մենք կարող ենք ինքներս մեզ հասցնել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG