Մատչելիության հղումներ

Նախագահների հանդիպումը թույլ կտա «բովանդակային նոր զարգացումներ» ունենալ ԼՂ հարցում


Հոկտեմբերի վերջին Փարիզում նախատեսված Հայաստանի, Ադրբեջանի ու Ֆրանսիայի նախագահների հանդիպումը թույլ կտա «բովանդակային նոր զարգացումներ» ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, համոզված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Հայաստանում իր դիվանագիտական քառամյա առաքելությունն ավարտող Ռենոն այսօր հրաժեշտի ասուլիս էր հրավիրել և խոսեց նաև փարիզյան եռակողմ հանդիպումից:

«Մայիս ամսին Ադրբեջան պաշտոնական, իսկ Հայաստան՝ պետական այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահը առաջարկեց Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին հանդիպել Փարիզում: Նպատակն է, բնականաբար, նոր լիցք հաղորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Առաջարկը ընդունվեց երկու երկրների նախագահների կողմից, և մոտ օրերս Փարիզում կկայանա Սարգսյան, Ալիև, Օլանդ գագաթնաժողովը: Առանց հրապարակելու դիվանագիտական մանրամասներ՝ միայն նշեմ, որ նպատակը բովանդակային իմաստով նոր լիցք հաղորդելն է բանակցային գործընթացին: Երկրորդ՝ կարևոր է, որ հաջողվի երկու կողմերի միջև ստեղծել վստահության մթնոլորտ, որը կարող է իրավիճակի փոփոխության բերել շփման գծում կամ հայ-ադրբեջանական սահմանին»,- ասաց դեսպանը։

Դեսպանը հավելեց, որ «փարիզյան գագաթնաժողովը նաև կվերահաստատի շատ կարևոր մի հանգամանք՝ «բանակցված տարբերակից բացի ղարաբաղյան հակամարտությունն այլ լուծում չունի» և որ «հիմքում լինելու են մադրիդյան երեք կարևոր սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք և ուժի կիրառման կամ կիրառման սպառնալիքի բացառում»:

Օգոստոսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո, որոնք աննախադեպ էին 1994 թվականի զինադադարից հետո, Փարիզում նախատեսված Սարգսյան-Ալիև հանդիպումը երրորդ է լինելու՝ Սոչիում Ռուսաստանի նախագահի և Ուելսում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, ԱՄՆ պետքարտուղարի կազմակերպած հանդիպումներից հետո:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի բացառիկ իրավասությունն է

Հատկապես Սոչիի հանդիպումից հետո փորձագետները մտավախություն հայտնեցին, որ Կրեմլը փորձում է, շրջանցելով ԵԱՀԿ Մինսկի խումբը, միայնակ հասնել ղարաբաղյան խնդրի հանգուցալուծմանը, հակամարտության գոտում տեղակայել ռուս խաղաղապահներ, ինչը հնարավորություն կտա մեծացնել ռուսական ազդեցությունը տարածաշրջանում:

Այսօրվա ասուլիսում Անրի Ռենոն ընդգծեց` «ԵԱՀԿ Մինսկի խմբի բացառիկ իրավասությունն է զբաղվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ»:

Դեսպանին հարցրեցինք՝ նման հեռանկար տեսնո՞ւմ է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է դուրս մնալ կարգավորման գործընթացից:

«Ի սկզբանե հստակորեն ասացի, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի բացառիկ իրավասությունն է, և կարծում եմ այս իրողությամբ է պայմանավորված մի քանի օրից Փարիզում կայանալիք գագաթնաժողովը: Եթե այդպես չլիներ, գագաթնաժողովը Փարիզում չէր հրավիրվի»:

Հայաստանի հետ հարաբերություններին կանդրադառնան Եվրամիության նոր հանձնաժողովի ձևավորումից հետո

«Հայաստանը շարունակում է մնալ Արևելյան գործընկերության ծրագրի ուժեղ գործընկեր»,- անդրադառնալով Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին՝ ասաց Անրի Ռենոն:

Լրագրողներին հետաքրրքում էր՝ ինչպիսի՞ն են լինելու այդ հարաբերությունները Եվրասիական տնեսական միությանը Հայաստանի անդամակցությունից հետո:

«Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանը չի զլացել ընդգծել իր խորը կապվածությունը Եվրամիության հետ և հակվածությունը՝ Բրյուսելի հետ շարունակել համագործակցությունը: Այդ գործընկերությունը շարունակելու Հայաստանի ցանկությունը արտացոլվեց անցած տարի Վիլնյուսում կայացած գագաթնաժողովում՝ հայտարարության տեսքով: Առաջիկա ժամանակաշրջանի խնդիրն է այդ հայտարարության իրականացումը: Կարծում եմ՝ Եվրամիության նոր հանձնաժողովի ձևավորումից հետո, ամեն անգամ, երբ Հայաստանի ու Եվրամիության ներկայացուցիչները հանդիպեն, այս թեման լինելու է օրակարգի մշտական կետ»:

«Ինչ վերաբերում է այս հարցի առնչությամբ Ֆրանսիայի դիրքորոշմանը, այստեղ՝ Երևանում, այն հստակորեն ներկայացրեց նախագահ Օլանդը․ Հայաստանին պետք է հնարավորություն ընձեռվի ստորագրել Ասոցացման պայմանագիրը՝ չմոռանալով այն հանգամանքները, որոնցից ելնելով Հայաստանը որոշում կայացրեց անդամակցել Եվրասիական միությանը»,- հավելեց դեսպանը:

«Կարֆուրը» կգործի առաջիկա ամիսներին

Ի դեպ, խոսելով հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններից՝ Անրի Ռենոն տեղեկացրեց, որ առաջիկա ամիսներին «Կարֆուրը» կսկսի գործել Հայաստանում:

XS
SM
MD
LG