Մատչելիության հղումներ

logo-print

Gallup. Ղարաբաղցիները դատարաններին վստահում են, հայաստանցիները` ոչ


Հետխորհրդային տարածքում դատարանների հանդեպ ամենամեծ վստահությունը տածում են ղարաբաղցիները: Ամերիկյան Gallup սոցիոլոգիական ծառայության կողմից այսօր հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության 72 տոկոսը միանշանակորեն վստահում է հանրապետության դատաիրավական համակարգին:

Վստահության այս ցուցանիշը անհամեմատ ավելի բարձր է, քան Հայաստանում: Gallup-ի տվյալներով՝ դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության մակարդակը Հայաստանում ընդամենը 30 տոկոս է: Հայաստանի Հանրապետության հարցված քաղաքացիների գրեթե կեսը` 49 տոկոսը, սոցիոլոգների հետ զրույցների ընթացքում նշել է, որ հայաստանյան դատարաններին չի վստահում:

Դատարանների հանդեպ վստահության մակարդակը ցածր է նաև Ադրբեջանում: Այստեղ դատական համակարգին վստահում է բնակչության 41 տոկոսը, չի վստահում 36 տոկոսը:

Gallup-ի մասնագետների կարծիքով՝ օրենքի գերակայության նկատմամբ հայաստանցիների և ադրբեջանցիների անվստահության պատճառը «թերևս ազգամիջյան հակամարտություններն ու էթնիկ զտումների մասին պնդումներն են»: Դրա հետ մեկտեղ, Gallup-ի սոցիոլոգները չեն բացատրում, թե ինչու է նույն զտումների և հակամարտությունների փուլով անցած Լեռնային Ղարաբաղում դատարանների նկատմամբ վստահության մակարդակն այդքան բարձր:

Դատարանների հանդեպ վստահության մակարդակով էլ թե' Հարավային Կովկասի և թե' ամբողջ հետխորհրդային տարածքի ճանաչված պետությունների թվում առաջատարը Վրաստանն է: Այստեղ, ըստ Gallup-ի, դատական համակարգին վստահում է բնակչության 51 տոկոսը, թերահավատ է 22 տոկոսը: Սակայն, ի տարբերություն նույն Հայաստանի` Վրաստանում բավական մեծ է տատանվողների թիվը․ հարցված վրաստանցիների 27 տոկոսը այդպես էլ չի կարողացել կողմնորոշվել՝ վստահո՞ւմ է երկրի դատարաններին, թե՞ ոչ:

Ի դեպ, դատական համակարգի նկատմամբ վստահության մակարդակով հետխորհրդային տարածքի մյուս երկու առաջատարներն են Եվրասիական միության հիմնադիր անդամ Բելառուսը և Եվրամիության անդամ Էստոնիան: Միմյանցից զգալիորեն տարբերվող այս երկու պետություններում էլ բնակչության մոտ կեսը` 47 տոկոսը, անվերապահորեն վստահում է դատարանների կայացրած վճիռներին: Ռուսաստանում այս ցուցանիշը գրեթե նույն մակարդակի վրա է, ինչ Հայաստանում․ ռուսաստանցիների 28 տոկոսը վստահում է դատարանների կայացրած վճիռներին, 54 տոկոսը` ոչ:

Հետխորհրդային տարածքում դատական համակարգի նկատմամբ վստահության ամենացածր մակարդակը արձանագրվել է Ուկրաինայում՝ այստեղ դատարանների գործունեությանը վստահում է բնակչության ընդամենը 16 տոկոսը: Ուկրաինացիների 72 տոկոսը, հակառակը, նշել է, որ երկրի դատական ատյանների կողմից կայացված վճիռներին ընդհանրապես չի վստահում: Gallup-ի մասնագետները, սակայն, հատուկ ընդգծում են, որ Ուկրաինայի բնակիչների շրջանում այս թեմայով հարցումները իրականացվել են մինչև Վիկտոր Յանուկովիչի հեռացումն իշխանությունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG