Մատչելիության հղումներ

Կինը ենթարկվել է հարձակման, զրկվել ազատությունից. կան ձերբակալվածներ


Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Անցած երկուշաբթի օրը Երևանի 52-ամյա բնակչուհի Խաչատրյանը հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 18-ին ենթարկվել է ավազակային հարձակման, օրեր շարունակ զրկվել ազատությունից, փոխանցում է Հայաստանի քննչական կոմիտեն:

«Ըստ հաղորդման՝ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10-ի սահմաններում, ոմն Սաքոն, Գարիկը և Գարուշը, նախնական համաձայնությամբ, ավազակային հարձակում կատարելու նպատակով, Ա. Մամբրեյանին պատկանող տանը Գ. Խաչատրյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ծեծի են ենթարկել նրան, որի ընթացքում նրա ծոցից հափշտակել են 500 հազար դրամ և դիմել փախուստի: Այնուհետև, Գ. Խաչատրյանի կամքին հակառակ, նշված օրվանից մինչև հոկտեմբերի 20-ը՝ ժամը 18-ի սահմանները, պահելով նշված հասցեում՝ նրան ապօրինի զրկել են ազատությունից», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով՝ ավազակություն և մարդուն ազատությունից ապօրինի զրկելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ ոմն Գարիկն ու Գարուշը երեկ ձերբակալվել են, կատարվում են անհրաժեշտ գործողություններ Սարգսին հայտնաբերելու ուղղությամբ, որի ինքնությունը նույնպես պարզված է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG