Մատչելիության հղումներ

Գագիկ Մելիքյան. «Եռյակը չգիտի, թե ինչ է հասկանում իշխանափոխություն ասելով»


ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ազատության» լրատվական կենտրոնում, 21-ը հոկտեմբերի, 2014թ.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ազատության» լրատվական կենտրոնում, 21-ը հոկտեմբերի, 2014թ.

Իշխող կուսակցության խմբակցության քարտուղարը չի հերքում, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքն իրենց մտահոգում է։

Ըստ Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի՝ խորհրդարանի ոչ իշխանական ուժերի եռյակը չգիտի, թե ինչ է հասկանում իշխանափոխություն ասելով։

«Եթե իշխանափոխություն ասելով իրենք հասկանում են ուրիշ բան, որը չեն հասկանում դեռևս, կարծում եմ, որ արժե դրա մասին մտածել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Իշխող կուսակցության խմբակցության քարտուղարը հիշեցրեց, որ եռյակը իր երեկվա հանդիպումից հետո էլ չհայտնեց, թե ինչ օրակարգ է ունենալու ուրբաթ օրվա հանրահավաքը։

Երեկ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասել էր, որ այժմ փորձում են մշակել իշխանափոխության միասնական ճանապարհային քարտեզ:

Գագիկ Մելիքյանը խոստովանեց, որ հոկտեմբերի 24-ի հանրահավաքն իրենց, այնուամենայնիվ, մտահոգում է։

«Այո, մենք մտավախություն ունենք ամսի 24-ից և հատկապես այն հարցով, որ նորից մի խումբ մարդիկ կհավաքվեն այնտեղ, կարծում եմ՝ ամսի 10-ից ավելի փոքր քանակությամբ, և նորից նույն ձևով՝ մոլորված հետ կգնան», - ասաց Մելիքյանը։

Նրա կարծիքով, հանրահավաքին մասնակցում է չկողմնորոշված մարդկանց մեծ զանգված, որին ընդդիմությունը փորձում է մոլորեցնել։

«Իրոք ժողովրդի մեջ կան շփոթված, մոլորված մարդիկ, որոնք այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել, իսկ ընդդիմությունն իրենց կողմնորոշելու համար որևէ քայլ չի կարող լուծել և չի լուծում։ Մենք խնդիր ունենք և մտավախություն ունենք, մենք պետք է լուրջ աշխատանք կատարենք այդ մարդկանց մեջ, որպեսզի իրենք հասկանան, որ իշխանության մեջ պետք է փնտրեն իրենց ապագան, ոչ թե այն մարդկանց մեջ, ովքեր հարթակում կանգնած մոլորեցնում են իրենց», - հայտարարեց Մելիքյանը։

Անդրադառնալով Ազգային ժողովի երեկվա լարված մթնոլորտին, երբ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեղադրանքներ և վիրավորանքներ էր հնչեցնում Ազգային ժողովի իր որոշ գործընկերների հասցեին, Մելիքյանն ասաց, թե իրականում կրքերը բորբոքում է ընդդիմությունը։

«Հանրապետականը բավականին հանգիստ է վերաբերվում բոլոր այդ խնդիրներին, բորբոքված նաև կրքերին ընդդիմության դաշտում։ Խմբակցության նախագահն ընդամենը խոսում էր բոլոր այն բարձրացված հարցերի մասին, որոնք նախորդ նիստում հնչեցվել էին ընդդիմության կողմից, և շատ հանգիստ տոնով, շատ լուրջ, այո՛, նաև ցույց տալու այն ուղղությունները, որտեղից կառավարվում են կրքեր բորբոքողները, այո՛, նաև հնչեցնելով, որ նավթադոլարների հոտ է գալիս, ինչո՞ւ չէ, նաև ուրիշ դոլարների հոտ է գալիս», - ասաց «Հանրապետական» խմբակցության քարտուղարը։

XS
SM
MD
LG